Ամեն ինչ անելու ենք՝ Ցեղասպանությանը հարցը Լորդերի պալատում օրակարգային դառնա․ Հայ դատի հանձնախումբ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

լորդերի պալատ

Մեծ Բրիտանիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աշխատանքների առաջիկա օրակարգում ոչ միայն լինելու է Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի առաջ մղումը, այլ այդ հարցը Լորդերի պալատի օրակարգային դարձնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչման օրնագիծը Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունվեց առանց որևէ սակարկության ու ընդդիմության: Երկրորդ ընթեցրմամբ քննարկումը սպասվում է 2022 թվականի մարտին: Մենք ամեն ինչ անելու ենք մեր աջակիցների թիվն ավելացնելու և այս հարցը նաև Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար: Մենք հիմա նախնական փուլում ենք, կարևորն՝  ի վերջո պետական քաղաքականության վրա ազդելն է»,-ասաց հանձնախմբի նախագահը:

Ըստ Անետ Մոսկոֆյանի՝ Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը շատ կարևոր քայլ է: Առաջին անգամ է, որ Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության հարցն այս մակարդակի է բարձրացվել: Հայ դատի հանձնախմբի նախագահն ընդգծեց հայ համայնքի համախմբված աշխատանքը: Հետևողական աշխատանքի արդյունքում ժամանակի ընթացքում ընդլայնվել է համակիրների շրջանակը, հայ համայնքի ներկայացուցիչները պարբերաբար նամակներով դիմել են իրենց պատգամավորներին՝ հանդես գալով համապատասխան կոչերով:

«Մենք այս աշխատանքներում Ցեղասպանությունը միայն պատմական իմաստով չենք դիտարկում: Ընդգծվում է, որ ցեղասպանության չճանաչումն առիթ է տալիս, որ նորից վտանգի մեջ լինի հայ ժողովուրդը, ինչպես որ տեսանք արցախյան վերջին պատերազմի ժամանակ»,-ասաց Անետ Մոսկոֆյանը:

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում նոյեմբերի 10-ին առաջին ըներցմամբ ընդունվել  է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը: Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։

--00—ՄՀ