«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ տնօրենի լիազորությունները կասեցվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքների և դիպլոմներ տրամադրելու վերաբերյալ ՀՀ ՊՎԾ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ դատախազությունում հարուցված քրեական գործով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ) մեղադրանք էր առաջադրվել նշված ՊՈԱԿ-ի տնօրենին:

Նախաքննությամբ ապացույցներ էին ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, ուսհաստատության մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, կազմակերպել ակնհայտ կեղծ գրառումների կատարում. մի քանի ուսանողների՝ քոլեջում ուսումնական և քննական պրոցեսին մասնակից չլինելու պարագայում, այդ մասին համապատասխան նշագրումներ կատարելու փոխարեն, նրանց ստուգման գրքույկներում և դասամատյաններում նշանակվել են գնահատականներ՝ իրավական հիմքեր ստեղծելով նրանց կազմակերպությունից չհեռացնելու համար: Քննական շրջանն ավարտելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով՝ այդ ուսանողներին տրամադրել են դիպլոմներ:

2021թ. նոյեմբերի 9-ին գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Սյունիքի մարզի դատախազության դատախազի կողմից որոշում է կայացվել «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ տնօրեն Ա. Մ.-ի լիազորությունները կասեցնելու մասին:

Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ հիշյալ որոշման իրավաչափությունը հաստատելու նպատակով: 2021թ. նոյեմբերի 11-ին դատախազի միջնորդությունը բավարարվել է»:

--00--ԱԹ