Ռոման Տրոցենկոն ձեռք է բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի մեծ մասը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24 News

ԶՊՄԿ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը նոյեմբերի 4-ին ընկերության իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել։

Կոմբինատի ամենախոշոր բաժնետերը «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Տրոցենկոն է. ընդհանուր բաժնետիրական կապիտալում նրա մասնակցությունը 32,4 տոկոս է։

Կոմբինատում նոր բաժնետեր է Միրզաազիզ Մուսախանովը. վերջինս 8,1 տոկոս բաժնետոմս ունի։ Մուսախանովը «Աէրոպորտ Տոլմաչովո» ԲԸ տնօրենների խորհրդի անդամ է։ Այդ ընկերությունը «Նովապորտ» հոլդինգի կազմում է, որի 50% սեփականատերը Տրոցենկոյին պատկանող AEON Corporation ընկերությունն է։ 

4,5 տոկոսի չափով բաժնետեր էլ դարձել է «Գեոպրոմայնինգ» ԲԲԸ նախագահ Ռոման Խուդոլին: 

Հիշեցնենք՝ սեպտեմբերին «Գեոպրոմայնինգին» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև` 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։

Ըստ հայտարարագրի՝ ԶՊՄԿ-ում 12,4 տոկոս բաժնեմաս ունի Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը։ ԶՊՄԿ-ի 7,5 տոկոսը պատկանում է նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին։  Եվս 15 տոկոս մասնակցություն ունի հենց ԶՊՄԿ-ը։ 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում 2,5 տոկոս բաժնեմաս ունի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը. նույնքան բաժնեմաս էլ ունի Գուրգեն Ամբարյանը։ 

 --00—ՄՀ