Սահմանամերձ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները կանգ են առել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24 News  

․

«Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություններով՝ Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելուց հետո, երկու օր առաջ, Շուռնուխի տների շինարարությունը կանգ է առել։

«Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը «սովետական սահմանով» բաժանելուց հետո, որի հետևանքով ավելի քան մեկ տասնյակ տներ հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, հայկական իշխանությունները նախաձեռնել են այնտեղ նոր թաղամասի կառուցման աշխատանքներ:

Կառուցվող 13 տներում պետք է ապրեին նրանք, որոնց տունը մնացել էր Գորիս-Կապան ճանապարհի արևելյան հատվածում, այսինքն` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։

Սակայն Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելուց հետո` երկու օր առաջ, Շուռնուխի տների շինարարությունը կանգ է առել։

Այլընտրանքային ճանապարհների վատ վիճակի պատճառով գյուղը մասնակիորեն մեկուսացվել է, ինչի հետևանքով էլ որոշ շինարարներ հրաժարվել են մեկնել այնտեղ։ Բացի այդ, շինտեխնիկան տեղափոխելու հնարավորություն չկա։

Ի դեպ, նախատեսված էր այս տների շինարարությունն ավարտել մինչև տարեվերջ, սակայն ադրբեջանական մաքսակետի տեղադրման, ինչպես նաև աշխատանքի ոչ ժամանակին ֆինանսավորման պատճառով արդեն իսկ շինարարները հետ են մնում նշված ժամանակացույցից։

Հավելենք, որ 13 շենքերից 3-ում մնացել է տանիքները տեղադրեն, իսկ մնացածը գտնվում են շինարարության տարբեր փուլերում։

Բնակիչներից մեկի խոսքով` ի թիվս այլ հարցերի, տների սկզբնական նախագծերը «համեստ» են դարձել:

Հիշեցնենք, որ ադրբեջանական մաքսակետի պատճառով Գորիսում ապրող դպրոցի ուսուցիչներին տրանսպորտով, իսկ գյուղացիներին պարենով ապահովելու խնդիր է առաջացել։ Այժմ երկու հարցերն էլ լուծվում են»,- գրել է լրատվամիջոցը։

--00--ԱՀ