Ով էլ նշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնին, ոչ մի բան չի կարողանալու անել․ Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Քաղաքական

Գուցե Սուրեն Պապիկյանին են նշանակել, որովհետև այն կարգի կարդային սուղ է, որ էլ չգիտեն՝ ում նշանակեն, երևի Արգիշտի Քյարամյանն էլ զբաղված է, թե չէ իրեն կնշանակեին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ռազմավերլուծական «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ անդրադառնալով Սուրեն Պապիկյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու հարցին։

Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակում Հայաստանում բացի վարչապետի պաշտոնից մնացած բոլոր պաշտոններում նշանակվածներն ուղղակի անցողիկ, խամաճիկ ինչ-որ կերպարներ են։ «Բայց ցանկացած դեպքում այստեղ ոչ թե հարցը այն է, թե ով է նշանակվել պաշտպանության նախարար, այլ այն, որ ով նշանակվի այդ պաշտոնին, ոչ մի բան չի կարողանալու անել՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային, ապապետական քաղաքականությունը», - ընդգծեց ռազմական փորձագետը։

Հարցին՝ սա կապվա՞ծ է երեկվա միջադեպի հետ, Վրթանեսյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ ինչի հետ է կապված, շատ հնարավոր է՝ ուղղակի շտապ մի մեղավոր է պետք նշանակել, նշանակվում է, որովհետև ընդհանուր քաղաքականությունը՝ չկրակել, չդիմադրել, և այլն, միանձնյա որոշում է Նիկոլ Փաշինյանը»։

Հիշեցնենք, որ երեկ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ «Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում», - նշել էր պաշտպանական գերատեսչությունը։ Իսկ ավելի ուշ ՊՆ-ն հայտարարել էր, որ ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ «Հայկական կողմից տուժածներ չկան։ Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը», - ասված էր հայտարարության մեջ։

Այսօր հայտնի դարձավ, որ Արշակ Կարապետյանն ազատվել է նախարարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Ավելի ուշ վարչապետի պաշտոնական կայքում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որում Փաշինյանն ասել էր, թե Կարապետյանին ազատելու և Պապիկյանին նշանակելու որոշումը կայացվել է «երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»:

Այնուհետև Անվտանգության խորհրդի գրասենյակը, անդրադառնալով երեկվա միջադեպին, նիստից հետո հայտարարություն էր տարածել, թե ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: «ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն», - ասված էր ԱԽ գրասենյակի հայտարարության մեջ։

--00--ԿԿ