Ամեն զինվոր չի կարող նռնակը քաշել ու նահատակվել, երկու կողմերին չկրակելու հրահանգ կա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Ամեն զինվոր չի կարող նռնակը քաշել ու նահատակվել, երկու կողմերին չկրակելու հրահանգ կա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի համոզմամբ, սահմանային միջադեպերը տրամաբանական են, դրանք տեղի կունենան այնքան ժամանակ, քանի դեռ սահմանագիծը ոսկրացած չէ և չկա հստակ խրամատ, իսկ այսպիսի իրավիճակներում հրամանատարների համար չափազանց դժվար է գործել։

Նրա կարծիքով, նվաստացմամբ հայ զինվորներին դիրքերից դուրս բերելու տեսանյութերը քարոզչական պատերազմի հետևանքով են․ «Իրականում ամեն ինչ այդքան էլ մռայլ չէ, քանի որ նույնն անում են նաև մեր զինվորները»։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ պետք չի բոլոր զինվորներից սխրանք և նահատակություն ակնկալել, ադրբեջանցի զինծառայողները տասնյակներով ներխուժում են, և մերոնք մի քանի հոգով չեն կարող դիմադրել։

Խոսելով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար դառնալու մասին՝ Հովհաննիսյանն այն համոզմունքը հայտնեց, որ դա ավելի քան նորմալ պրակտիկա է, այնպես չէ, որ Պապիկյանն առաջին ոչ զինվորական նախարարն է, առաջ էլ են եղել, օրինակ՝ Վիգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը և Վազգեն Մանուկյանը։

Նա հույս հայտնեց, որ նոր նախարարն ամեն ինչ կանի բանակն էլ ավելի զարգացնելու և արդիականացնելու համար։ Նաև նշեց, որ հանդիպելու պարագայում կառաջարկի բանակի կազմում տեղեկատվական զորքեր ստեղծել, որոնք կզբաղվեն քարոզչական պատերազմով և հանրության տեղեկատվական անվտանգությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։