Իշխանասարի սարերի գլխին լավ կրակոցներ են եղել, վերջացել են հիմա․ համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

Մեզ մոտ առայժմ նորմալ է, բան չկա, սարերի գլխին լավ կրակոցներ են եղել, վերջացել են հիմա։ Այս մասին 24News-ին ասաց Սիսիանի Իշխանասար բնակավայրի ղեկավար Մարատ Պետրոսյանը։

«Մեզ մոտ ո՛չ զոհեր ունենք, ոչ պատերազմ է եղել, ընդամենը՝ կրակոցներ», - հավելեց նա։

Պետրոսյանն ասաց, որ բնակչությունն իր առօրյա գործով է զբաղված, բնակչության տարհանում նախատեսված չէ։ 

Ինչ վերաբերում է Սիսիանի ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի միջև բախումներին, Իշխանասարի ղեկավարն ասաց, որ զոհերը և վիրավորները կա՛մ Գորիսի Սև լճի կողմում են եղել, կա՛մ դեպի Ջերմուկի և Բազարչայի արանքում։ «Տաք Ջրով (Իստիսու / Ջերմաջուր), որ դուրս է գալիս մեր դարպասները, այդտեղ կլինեն, մեզ մոտ չկան զոհեր։ Այսինքն՝ Շաքեի, Իշխանասարի, Աղիտուի, Նորավանի սահմանին ոչինչ չունենք, արտառոց դեպքեր չկան, ընդամենը կրակոցներ են եղել, գնացել, տեսել, եկել ենք», - եզրափակեց Մարատ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

--00--ԿԿ