Այն, ինչ այսօր տեղի է ունենում, Զանգեզուրի միջանցքն ուժով ստանալու պրոցեսի մեկնարկն է․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

էդմոն մարուքյանն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը

«Բազմիցս ասել եմ, որ Էրդողանն ու Ալիևն ամենականխատեսելի գործիչներն են։ Նրանք միշտ անում են այն, ինչ նախապես հայտարարել են։

Դեռևս նոյեմբերի 09-ի հայտարարության ստորագրումից հետո բազմաթիվ անգամներ նրանք հայտարարել են Հայաստանից միջանցք ստանալու իրենց մտադրության մասին` այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։

Այդ վերաբերյալ եղել է թե' հայկական, թե' ռուսական կողմի մերժումը, նշվել է, որ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։

Դրանից հետո թշնամին հայտարարել է, որ միջանցքը խաղաղ չստանալու դեպքում այն կստանա ուժի կիրառմամբ։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, Զանգեզուրի միջանցքն ուժով ստանալու պրոցեսի մեկնարկն է` գրավելով մեր սուվերեն տարածքը և այդ կերպ փորձելով ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Դրանով, ըստ էության, կտրվում է մեր կապն Արցախի հետ, Սյունիքի մարզը կտրվում է Հանրապետության այլ մարզերից, կոտրվում է մեր ողնաշարը։

Սա ոչ միայն Հայաստանում ապրող քաղաքացիների, այլ նաև ողջ հայ ժողովրդի միասնական դիմադրությանը պետք է արժանանա։ Պետք է ամեն բան անել այս պլանը վիժեցնելու համար, ինչի համար ողջ հայ ազգը պետք է հասկանա, որ եթե այդ միջանցքն ուժով վերցվի, դա կլինի Հայաստանի վերջի սկիզբը։

Անհրաժեշտ են համակարգված գործողություններ ոչ միայն ռազմական ուժը կենտրոնացնելու և դիմադրելու համար, այլ նաև համակարգված դիվանագիտական լուրջ աշխատանք։

Այսօր աշխարհասփյուռ հայությունն ունի մեկ խնդիր` վիժեցնել Էրդողանի և Ալիևի պլանը` մեր տարածքով Նախիջևանին ցամաքային միջանցքով կապվելու վերաբերյալ։

Այս պահին միջանցքի ճեղքումը չի հաջողվել հայկական բանակի իրականացրած գործողությունների շնորհիվ։ Մենք բոլորս պետք է համախմբվենք բանակի ու դիվանագիտական ջանքերի շուրջ ու մի մարդու նման պայքարենք մեր պետականությունը պաշտպանելու համար»։

--00--ԱՀ