ԱՄՆ-ն պետք է զսպի Ադրբեջանի ագրեսիան, ցույց տա աջակցություն հայ ժողովրդի ինքնիշխանությանը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24 News

շիֆ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Խորապես անհանգստացած եմ այսօրվա տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին հարձակվել են հայ զինվորների վրա, այդ թվում կան տեղեկություններ զոհերի կամ տասնյակից ավելի հայ զինվորների ապօրինաբար գերեվարելու վերաբերյալ: Այս սանձազերծված հարձակումն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնության ուղղակի խախտում է և վառ հիշեցնումն այն բանի, որ Միացյալ Նահանգները պետք է անի հնարավոր ամեն բան՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան»,- ասել է Շիֆը:

Նա կոչ է արել ԱՄՆ պետդեպարտամենտին անհապաղ գործի անցնել՝ օգտագործելու դիվանագիտական յուրաքանչյուր խողովակ ու հնարավոր լծակ՝ կանխելու ևս մեկ զանգվածային հումանիտար աղետ ու ցույց տալու ԱՄՆ անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը:

--00—ՄՀ