Փաշինյանի և Ալիևի միջև կա լուռ համաձայնություն․ նրանք գործում են միաձայն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ցանկանում պատերազմ սկսել Հայաստանի հետ, նա պետք է աչքի լույսի պես փայփայի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում հետ ստորագրել է եռակողմ համաձայնությունը, որից հետո նա պետք է զարգացնի այն դիրքերը, որոնց նա հասել է այդ հայտարարության շնորհիվ։ Այս մասին 24TV-ի «Позиция с Серобом Оганяном» հաղորդման ժամանակ հայտարարել է ռուսաստանցի վերլուծաբան, տարածաշրջանային հարցերի մասնագետ Ստանիսլավ Տարասովը։ 

«Եթե նա ստեղծի խնդիրներ Փաշինյանի համար սահմանին, կամ իրավիճակ, որից կօգտվի ներքին ընդդիմությունը, կարող է տեղի ունենալ ռևանշ, ինչը կհանգեցնի նոր լարվածության։ Սա չի նշանակում, որ վաղը հայերը պատերազմ կսկեն Ադրբեջանի դեմ, ո՛չ, բայց Բաքվում կիմանան, որ ռևանշի մասին մտքերը սավառնում են օդում։ Եվ այդ ժամանակ շատ դիրքեր, որոնք Ադրբեջանը նվաճել է դիվանագիտական հարթակներում, կարող են չեղարկվել, ինչը կնշանակի, որ նրանց կողմից ազատագրված (մտքի հեղինակը բանախոսն է, ճիշտ է՝ օկուպացված - խմբ.) կշարունակեն մնալ ռազմական գործողությունների թատերաբեմ, ինչի հետևանքով այնտեղ բացի թուրքերից ոչ ոք ներդրում չի անի։ Ուրեմն և պատերազմի մեջ Ալիևը շահագրգռված չէ, ոչ էլ Փաշինյանն է ուզում, որն արդեն ստորագրել է այդ հայտարարությունը։ Բայց ինձ մոտ կա հաստատուն համոզմունք, որ Փաշինյանի և Ալիևի միջև կա լուռ համաձայնություն, նրանք աշխատում են զուգահեռ», - նշել է նա։ 

Ըստ վերլուծաբանի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ ռազմական բախումներից առաջ պաշտոնանկության պատճառները մնում են անհասկանալի. «Կարապետյանը, որին չորս ամիս առաջ էին պաշտպանության նախարար նշանակել, մեկ էլ հանկարծ ստանում է քաղաքական անվստահություն։ Ի՞նչ է նա արել, ի՞նչ նա պետք է աներ սահմանին։ Կա մի քանի տարբերակ՝ պատասխան քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի ստեղծած իրավիճակին, ինքն է ստեղծել այդ իրավիճակը՝ ինչ-որ պայմանավորվածություններ վիժեցնելու համար։ Մոսկվայում կան վերլուծաբաններ, որոնք պնդում են, թե նոյեմբերի 15-ին պետք է ստորագրվեր սահմանազատման մասին համաձայնագիր, և սահմանային իրավիճակը խանգարեց դրան։ Սրանք, իհարկե, կոնսպիրոլոգիա են»։ 

Տարասովի կարծիքով, լուրջ է, որ ռազմական կադրային գործչի փոխարեն Փաշինյանը պաշտպանության նախարար նշանակեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, ով զինվորական գերատեսչության հետ ոչ մի կապ չուներ։ «Մեր տարբերակով, նա պետք է ռեֆորմներ իրականացնի բանակում, ինչը նշանակում է, որ ժամանակ է անհրաժեշտ։ Երկար ժամանակ հայկական բանակը չի սկսի գործողություններ ադրբեջանական ուղղությամբ, որը հնարավորություն կտա Փաշինյանին մանևրել», - ասել է նա։ 

Ըստ մեր զրուցակցի, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ունեն համաձայնություն՝ իրականացնել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության դրույթները, այս հարցում նրանց օգնում է Մոսկվան։ «ՌԴ-ում կարծում են, թե եթե լինի տնտեսական համագործակցություն, բիզնեսն աշխատի, ապա կվերանա նաև երկու երկրների միջև թշնամանքը։ Տեսականորեն սա հնարավոր է, բայց գործնականում շատ դժվար։ Այսպիսի պատերազմների ժամանակ հասցված վերքերն այսքան կարճ ժամանակահատվածում չեն սպիանում», - հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։