Հարկավոր է քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Խորհրդային Հայաստանում առկա գիտատեխնիկական ներուժը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Քերոբյան

Նոյեմբերի 17-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Ինտեգրման զարգացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների քաղաքացիների համար» թեմայով միջազգային պանելային քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները, Հայ-Ռուսական համալսարանի դասախոսապրոֆեսորական կազմն ու ուսանողները։

Պանելային քննարկման ընթացքում խոսվել է մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերում են հատկապես ԵԱՏՄ ինտեգրման ավանդական և նոր ոլորտներին, զարգացման հեռանկարներին։ Քննարկում է ընթացել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ընդունված «Մինչև 2025թ․ Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» (Ռազմավարություն 2025) շուրջ, որի իրագործման աշխատանքներն արդեն սկսվել են։ Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հիմնական նպատակը տվյալ երկրների քաղաքացիների կյանքի և գործարար միջավայրի բարելավումն է։

Վահան Քերոբյանն իր ողջույնի խոսքում առանձնահատուկ կարևորել է նման լայնաֆորմատ քննարկումները և նշել․

«Պետք է ընդունել, որ ԵԱՏՄ համագործակցության տիրույթից ավելի մեծ են սպասելիքները, քան ձեռքբերումները։ Առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը զուգահեռ հարկավոր է քայլեր ձեռնարկել նաև կյանքի կոչելու այն գիտատեխնիկական ներուժը, որն առկա էր Խորհրդային Հայաստանում։ Մեծ կամքի և աշխատանքի արդյունքում կարող ենք հետ բերել առնվազն դրա մի մասը»։

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն իրենց ելույթներում հատուկ ընդգծել են միության անդամ երկների օրենսդրական դաշտերին խորությամբ տիրապետելու, համապատասխան փորձագիտական խմբեր կազմելու անհրաժեշտությունը։

Միջոցառումը կազմակերպել է Հայ-Ռուսական համալսարանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ։

--00--ԱԹ