Գյումրիում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

տոնավաճառ

«Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրի ներքո նոյեմբերի 19-ին Գյումրու երիտասարդական պալատում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնավաճառը կազմակերպել էր  «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը՝ «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի հետ համատեղ։ «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի տեղեկացմամբ տոնավաճառին թեև ներկա էին 25 գործատուներ,  իրականում ներկայացված էին 127 գործատուներ՝  առաջարկելով 650-ից ավել թափուր աշխատատեղեր։

Ի տարբերություն մինչ այս մարզում կազմակերպված տոնավաճառների, այս  տոնավաճառն աննախադեպ է նրանով, որ մեկտեղվել էին ինչպես գործատուները, այնպես էլ պետական ուսումնական հաստատությունների ուսանողները՝ կրթությունից սահուն անցում կատարելու համար աշխատաշուկա։

«Ուրախ եմ, որ տևական դադարից հետո Գյումրիում կրկին բացվել է աշխատանքի տոնավաճառ։ Հույս ունեմ, որ այն կտա ցանկալի արդյունք և կդառնա կամուրջ գործատուների և աշխատանք փնտրողների միջև»,-տոնավաճառի բացմանը նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրի ներքո կազմակերպվող տոնավաճառը ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրի շրջանակում է իրականացվում, նպատակ ունի միավորել Շիրակի մարզի գործատուներին, աշխատանք փնտրողներին, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատություններին։ Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են երկու տասնյակից ավելի գործատուներ և մասնագիտական կրթական հաստատություններ:

--00--ԱԹ