Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը փոփոխվել է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24 News

նիստ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում։ Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից։

Ընդլայնվել են բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը և դիմելու ժամկետները։

Փոփոխությունների արդյունքում բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև

1) 18 տարին լրացած մանկատան սաները, որոնք ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների),

2) ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները։

Բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի դեկտեմբերի 1-ը (2021 թվականի նոյեմբերի 1-ի փոխարեն), իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետ՝ 2022 թվականի հուլիսի 1-ը (2021 թվականի հուլիսի 1-ի փոխարեն):

Տեղեկացնում ենք նաև, որ շահառուները բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու և բնակելի տարածք  օտարած չլինելու դեպքում (մանկատան շրջանավարտների համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում օտարած չլինելու դեպքում)։

 --00—ՄՀ