Անդրանիկ Քոչարյանը պետք է պատասխան տա, թե ի՞նչ համաձայնություն է ձեռք բերել Ալիևի հետ. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

«ՀՀ-ում խաղաղության պահանջարկ է ձևավորվում՝ ինչ ուզում է լինի, միայն թե պատերազմ չլինի: Մարդկանց համոզել են, որ եթե սահմանազատում, սահմանագծում լինի, ճանապարհները բացվեն, ՀՀ-ն կապրի բարեկեցիկ պայմաններում, բայց մեկ տարվա խաղաղության քաղաքականությունը բերել է հակառակ արդյունքների, ադրբեջանցիներն ուժ են կիրառում, որ ստանան այն, ինչ ենթադրաբար իրենց խոսք է տրվել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Նոյեմբերի 16-ի բախումների տեղանունների վերաբերյալ հղում չկա, կարծում եմ իշխանությունները չեն ուզում ցույց տալ, որտեղ են գրոհ սկսել, որովհետև իմ, նաև շատերի վերլուծությամբ, այդ բախումները Սյունիքի միջանցքի սահմանի վրա է եղել: Մեկ այլ խնդիր ևս կա, եթե ՀՀ-ն գնում է սահմանազատման, ինչո՞ւ զորքերը սահմանից դուրս քաշվեցին, եթե բանակցեն իրավապայմանագրերի հիման վրա, և պարզվի, որ Շուռնուխը ՀՀ-ում պետք է լինի, ադրբեջանցիներն իրենց զորքերը հե՞տ են տանելու, դա բլեֆ է»,- նշեց պատգամավորը: 

Անդրադառնալով ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե միգուցե «Հայաստան» դաշինքն է խնդրել Ադրբեջանին նման հարձակում անել, որպեսզի իրենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարություն տարածեն, պատգամավորը պատասխանեց.

«Անդրանիկ Քոչարյանը պետք է պատասխան տա իր կոչերի համար: Իր քաղաքական պապան է Ալիևի հետ վերելակում բանակցել և կոչել կիրթ ու կառուցողական, թող պատասխանի՝ իր քաղաքական պապայի և Ալիևի միջև ի՞նչ հարաբերություններ կան, և ի՞նչ գաղտնի համաձայնություններ են ձեռք բերվել՝ ուղղակի և  միջնորդավորված շփումների արդյունքում»:

Մանրամասները՝ տեսանյութում։