Լիրայի արժեզրկման պատճառով որոշ ընկերություններ դադարեցրել են վաճառքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Աշխարհ

Վերջին օրերին թուրքական լիրայի կտրուկ արժեզրկման հետևանքով գյուղատնտեսական ոլորտում գնաճ է արձանագրվել: Որոշ կազմակերպություններ հայտարարել են իրանց արտադրանքի վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին: Մասնավորապես պարարտանյութեր և թունաքիմիկատներ արտադրող ընկերությունները Թուրքիայի տարբեր շրջաններում իրենց մասնաճյուղերին տեղեկացրել են վաճառքի ժամանակավորապես դադարեցման մասին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ընկերություններից մեկի ներկայացուցիչը բացատրել է, որ փոխարժեքի շարունակական աճի պատճառով բարձրանում է հումքի արժեքը, ինչի հետևանքով իրենք չեն կարողանում արտադրանքի համար գին սահմանել, բացի այդ շուկայում առաջացել է հումքի ձեռքբերման խնդիր: Արդյունքում ընկերությունները ստիպված են առժամանակ դադարեցնել իրենց արտադրանքի վաճառքը:

Պատվերների ընդունումը դադարեցրել է Թուրքիայում սուրճի վաճառքով զբաղվող ամենահայտնի «Kurukahveci Mehmet Efendi» ընկերությունը: Վերջինի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ պատվերների ընդունումը հետաձգվել է անորոշ ժամկետով և վերասկսելու դեպքում հավելյալ հայտարարություն կանեն:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին թուրքական լիրան շարունակաբար արժեզրկվում է, իսկ վերջին օրերին անկայուն անկում է գրանցվում: Նոյեմբերի 23-ի դրությամբ 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 13․42-ի։

--0--ԿԿ