2022թ-ի բյուջեի հիմքում դրված 2021թ-ի տնտեսական աճի 6․5% ցուցանիշն անիրատեսական է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Տնտեսական

«Բանակին պետք է զենք, զենքը պետք է գնել փողով, փողը ստեղծում է տնտեսությունը, բայց․․․». նման վերտառությամբ հոդված է իր էջում հրապարակել Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

«ԱՎԾ-ն այսօր հրապարակեց ՀՀ տնտեսությունը բնութագրող օպերատիվ ցուցանիշները հունվար-հոկտեմբերի համար։

ՏԱՑ - 4․3% (10 ամիս)  4․4% (9 ամիս)
Արդյունաբերություն - 1․1% (10 ամիս)  0․7% (9 ամիս)  
Գյուղատնտեսություն - (10 ամիս)  -1․5% (9 ամիս)
Շինարարաություն - 5․9% (10 ամիս)  6․4% (9 ամիս)
Առևտուր - 7․0% (10 ամիս)  6․4% (9 ամիս)
Ծառայություններ - 6․4% (10 ամիս)  5․4% (9 ամիս)

Ինչպես և ակնկալվում էր, տնտեսության վերակագնման տեմպերը նորից դանդաղում են արձանագրել՝ 4.3% և դա էլ այն ֆոնին, երբ նախորդ տարվա տնտեսական անկման ցուցանիշները թե տարածաշրջանում և թե հիմնական գործընկեր երկրների համեմատությամբ մեզ մոտ ցավոք ամենամեծն էր, այսինքն այս տարի չենք կարողանում լիովին տնտեսապես վերականգնվել։

Սիրում ենք հաճախ համեմատվել Վրաստանի հետ․ ասեմ, որ Վրաստանում 2020թ-ի տնտեսական անկման ցուցանիշը կազմել է -6.8% մեզ մոտ՝ -7․4%։ Եվ դա էլ այն դեպքում, երբ տուրիզմի հաշվեկշիռը Վրաստանում մինչ 2020թ-ի ճգնաժամը կազմում էր շուրջ ՀՆԱ 14%, այսինքն օտարերկրացիները Վրաստանում ավելի շատ էին ծախսում, քան վրացիները արտասահմանում և Վրաստանի տնտեսությունը «սնվում» էր դրանով, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը գրեթե զրոյական է եղել: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ 2020թ-ի լոքդաունի էֆֆեկտը Վրաստանի վրա ավելի ուժեղ ազդեցություն պետք է թողներ և հանգեցներ ավելի խորը անկման, բայց․․․․ունենք այն, ինչ ունենք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամյանը:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա վերականգմանը, որի տեմպերը գլոբալ առումով բացատրում են, թե կառավարության նախորդ տարվա հակաճգնաժամային գործողությունները որքանով են եղել արդյունավետ, օգնել տնտեսությանը և նպաստել ապագա վերականգմանը, Արամյանը հայտնել է, թե այստեղ էլ ունենք վատ լուր․ Վրաստանն իր ավելի ցածր անկման ֆոնին վերականգնվում է բավականին արագ՝ 9 ամսվա շտապ տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 11․3%, Հայաստանինը՝ 4․4%, իսկ 10 ամսով էլ 4․3% (Վրաստանի ցուցանիշները կհրապարակվեն նոյեմբերի 30-ին):

Ըստ նախկին նախարարի`մտահոգիչ է նաև այն, որ անցած տարի հոկտեմբերը սեպտեմբերի համեմատ տնտեսապես ավելի պասիվ է եղել (տնտեսական անկումը խորացել է -6.6%-ից -6.9%) ուստի այս հանգամանքը պետք է օգներ, որ այս տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշն այլ հավասար պայմաններում, սեպտեմբերի 4․4% աճի համեմատ, բարելավում արձանագրեր, մինչդեռ հակառակն է տեղի ունենում։

«Ավելին, 10 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշների հաշվարկում բացակայում է գյուղատնտեսության անկման ցուցանիշը, որը 9 ամսով կազմել է -1.5%, իսկ 4-րդ եռամսյակում էլ քիչ հավանական է, որ կուտակային անկման ցուցանիշը շրջվի դրականի։

Ամփոփում․

- 2022թ-ի բյուջեի հիմքում դրված 2021թ-ի տնտեսական աճի 6․5% ցուցանիշն անիրատեսական է, ինչպես որ խիստ ռիսկային է նաև 7% աճը 2022թ-ի համար, ինչպես նշել եմ ամիսներ առաջ։

- Մեկ տարի առաջ կատարած իմ և այլ մասնագետների դիտարկումները տնտեսական աճի պոտենցիալի թուլացման վերաբերյալ այսօր ապացուցվում են։

- Տնտեսական աճի կառուցվածքը փաստում է, որ ունենք սպառման վրա հենված կամ այսպես ասած պահանջարկով քաշվող տնտեսական աճ, որը խիստ վտանգավոր է (աճը բարձր է ոչ արտահանելի հատվածում – ծառայություններ, շինարարություն և առևտուր, մինչդեռ արտահանելի հատվածում աճ գրեթե չկա – գյուղատնտեսությունում անկում է, մշակող արդյունաբերությունում անկում է, աճ գրանցվել է միայն հանքագործության ոլորտում, այն էլ կառավարության վերջին գործողությունների արդյունքում, կարծում եմ, դա էլ կթուլանա),

- Նախկինում կատարած բազմաթիվ դիտարկումներն առ այն, որ այս իրավիճակում հնարավոր չէ խոսել մեծածավալ ներդրումների աճի մասին, որոնք կօգնեին տնտեսական վերականգմանը, ևս փաստվում է։

Մի խոսքով`հետպատերազմյան ժամանակահատվածի այսպիսի տնտեսական զարգացումները, մեղմ ասած, խիստ մտահոգիչ են, որի մասին բազմիցս ենք խոսել նախկինում»,-նշել է Արամյանը:

--00--ԿԿ

Տեսանյութեր