ՀՀ ՄԻՊ—ն ԱՄՆ-ում «Human Rights Champion» պատվավոր մրցանակի է արժանացել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (The Armenian National Committee of America-Western Region) հանձնել է «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր երախտագիտությունն է հայտնել մրցանակի համար Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին՝ նշելով, որ ողջ աշխատանքի թիկունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն է՝ սրտացավ ու հայրենանվեր գործով: 

Արման Թաթոյանի խոսքով՝ հայկական սփյուռքը մշտապես եղել է Սփյուռքում, Հայաստանում և Արցախում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հզոր աջակից: 

Մարդու իրավունքների պաշտպանը մրցանակներ է հանձնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին (մրցանակը ստացել է հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը), ԱՄՆ հայ անվանի փաստաբաններ, Հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համաատենապետներ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը մշտական աջակցության համար։

--00—ՄՀ