Ի դեմս դատախազության՝ իրավապահ համակարգին հաջողվեց Արցախում թույլ չտալ ներքին անկայունություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Արցախի Հանրապետության դատախազության աշխատակցի օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել ուղերձով:

«Շորհավորում եմ Արցախի Հանրապետության դատախազության օրվա կապակցությամբ: Նախորդ տարվա ծանր և աղետաբեր պատերազմն իր անհերքելի կնիքն է թողել բոլորիս, բայց հատկապես Արցախի հասարակական կյանքի ու կենսագործունեության բոլոր ոլորտների վրա՝ առաջադրելով նոր խնդիրներ և նոր մարտահրավերներ: Դրանք ստիպել են Արցախի դատախազությանը իր գործունեությունն ու առաջնայնությունները վերակառուցել ըստ Արցախի բնակչության հավաքական անվտանգության, մարդանց կենսական և բացարձակ իրավունքների պաշտպանության նորացված սպառնալիքների ու իրողությունների, պատերազմի արդյունքներին հանգեցրած պատճառներին վերաբերող բազում հարցերի պատասխանները նաև իրավական դաշտում գտնելու հանրային պահանջների:

Պատերազմից հետո Արցախի դատախազությունը պատասխանատվության և սեփական առաքելության խորը գիտակցումով է իրացնում վիրավոր Արցախում իրավակարգի ամրապնդման և պաշտպանության, օրինականության երաշխավորման իր գործառույթները՝ ապացուցելով իբրև համակարգ, պետական առանցքային ինստիտուտ կայացածությունը, ձեռք բերած փորձառության արժեքավորությունը, իրենց վստահված «ճակատում» Արցախ աշխարհը ոտքի կանգնեցնելու հարցում դատախազության աշխատակիցների նվիրումը, վճռականությունն ու հավատամքը: 

Դրա վկայությունն է այն անհերքելի փաստը, որ չնայած պատերազմի հարուցած անասելի ծանր դժվարություններին, ի դեմս դատախազության՝ հանրապետության իրավապահ համակարգին հաջողվեց Արցախում թույլ չտալ ներքին անկայունություն, հանցավորության վիճակը պահել լիարժեք վերահսկելիության ներքո: Գործոններ, որոնք ԱՀ զինված ուժերի և ռուսական խաղաղարար ուժերի կողմից ապահովող արտաքին անվտանգության երաշխիքների հետ միասին հանդիսանում են արցախցիների՝ բնականոն կյանքին վերադառնալու, իրենց տանն ու հողին ամուր կառչած մնալու, միով բանիվ՝ Արցախի հայկական շարունակականության կարևորագույն նախապայմաններից:

Այս հարցում ՀՀ դատախազությունն իրեն առավել պարտավորված է զգում լինելու Արցախի դատախազության կողքին, ձեր դժվարություններն իրենը համարելու և արդեն ձևավորված համագործակցության հարուստ պատմության ու ավանդույթների հենքի վրա զարգացնելու մեր հարաբերությունները, օժանդակելու ներկայիս գերպատասխանատու շրջափուլում Արցախի մեր գործընկերների կողմից իրենց աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը, մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ Արցախի դատախազության բոլոր աշխատակիցներին ցանկանում եմ ոգու ամրություն, տոկունություն, համակարգի ներկայիս պատմական առաքելության գիտակցմանը համահունչ՝ Արցախի մեջքն ուղղելու ներքին վստահություն ու դրա իրացման աննահանջ կամք:

Մաղթում եմ արգասաբեր աշխատանք խաղաղ երկնքի ներքո՝ հանուն արցախահայության բարօրության և ազգային նպատակների իրագործման», - ասված է ուղերձում:

--00—ԼՄ