Վերաքննիչը չի դիմելու ՍԴ․ դատախազության և Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները մերժվեցին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

սդ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց դատախազության՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։  
 
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդության մեջ հղում էր արել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման։ Դատախազի կարծիքով, այդ որոշումը կարող էր նոր հիմնավորում լինել Վերաքննիչի կողմից ՍԴ դիմելու համար։ 

Դատարանը նաև մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունները։    
 
Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ ստանալու պահից մեկամսյա ժամկետում։ 
 
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

--00—ԼՄ