Կարողացել ենք համաձայնության գալ Հարավային Կովկասում կայունության հասնելու հարցում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է համարել այն փաստը, որ ՌԴ-ն մեծ դեր է խաղում ԼՂ-ում և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, բայց միաժամանակ ընդգծել է, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան ակնկալվում էր։

«Անցած տարվա նոյեմբերի 9-ից տասնյակ մարդիկ են մահացել երկու կողմերից, միջադեպեր են գրանցվել նաև Արցախում։

Այս տարվա մայիսին ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել հայ-ադրբեջանական սահմանին․ մեր գնահատականն այն էր, որ ադրբեջանական զորքը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները չսահմանազատված ու չսահմանագծված են, բայց պետական սահման գոյություն ունի, և դա ՀՀ տարածք է։

Համաձայն չեմ Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, թե փաստացիորեն, բացի ճանապարհների ապաշրջափակումից, մնացած բոլոր կետերը իրագործվել են»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ Պուտինի հետ դա մի քանի անգամ հեռախոսազրույցի շրջանակում քննարկվել է, խոսքը վերաբերում է ռազմագերիների վերադարձին։

Նիկոլ Փաշիյնանը նաև հաստատել է, որ Հայաստանը պատրաստ է սահմանագծմանն ու սահմանազատման գործընթացներին, ապաշրջափակման թեման ևս կարևոր է, ապա նաև ընդգծել է, որ հայկական կողմն ակեղծորեն հատաքրքրված է, որ լուծվեն այդ հարցերը։

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ հանդիպման նպատակը ոչ թե գոյություն ունեցող խնդիրների մասին խոսելն է, այլ այն, որ այսօր կողմերը կարողացել են որոշումներ կայացնել Հարավային Կովկասում կայունության հասնելու հարցում։