Ադրբեջանը ցույց է տալիս Հայաստանի նկատմամբ կամայական գործելու իր դիրքորոշումը․ Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

արտակ զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությանը, թե «Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ռազմական բախումներ եղել են, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ»։

Արտակ Զաքարյանը գրել է․

«Այսօր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում, Ալիևը նշել է, որ վերջին շրջանում Արցախում հնչած կրակոցները և սպանությունները եղել են զուտ կենցաղային և վիճաբանական թեմաներ։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումները չեն մտնում Ռուսաստանի խաղաղարար առաքելության պատասխանատվության գոտու մեջ։

Սրանով Ադրբեջանը ցույց է տալիս գործողություններում անկաշկանդ լինելու և Հայաստանի նկատմամբ կամայական գործելու իր դիրքորոշումը։ Սա բոլորից անկախ գործելու և Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիայում ոչ մեկին հաշվետու չլինելու Ալիևի ցինիկ դրսևորումն է։

Ավելի կոնկրետ՝ նա ասում է. Արցախում քանի որ ռուսներն են հսկում, ապա իրենք խնդիր չունեն և առայժմ խելոք կկատարեն իրենց պարտավորությունը։ Իսկ Հայաստանում քանի որ կապիտուլյանտներն են, ապա ինչպես ցանկանան, այնպես էլ կվարվեն, և հաշվետու չեն ոչ մեկին։ Նույնիսկ կարող են նոր պատերազմ հրահրել Հայաստանի դեմ։

Սա էր Ալիևի հակիրճ մեսիջը տարածաշրջանում ներգրավված բոլոր ուժերին (հատկապես ՌԴ, ԱՄՆ, Իրան, Եվրոպա)»։

--00--ԱՀ