Բաքուն եռակողմ հայտարարությունն օգտագործելու է լարվածության նոր առիթներ ստեղծելու համար. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Քաղաքական

«Նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ հայտարարության մեջ ճիշտ կլիներ, որ ռազմագերիների վերադարձի հարցը առանձին կետով և հստակ նշվեր: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը գերիների հարցը օգտագործում է որպես լրացուցիչ ճնշում դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում: Ասում է՝ մի քանիսին ազատ կարձակեմ, բայց այս սարից հետ քաշվի,  ևս մի քանիսին կարձակեմ, էլի մի քանի հարյուր մետր հետ գնա»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքագետի կարծիքով, Սոչիում ստորագրված հայտարարությունն ընդամենը մտադրությունների մասին հայտարարություն է, շատ դետալներ և հանգամանքներ պարզ կլինեն Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում, և այդ հարցերը բարձրացնելու առումով լուրջ  անելիքներ կան։

«Այն հանգամանքը, որ ոչ մի անգամ չնշվեց ԼՂ բառակապակցությունը, դա ես բացասական չեմ համարում, որովհետև դա կարելի է գնահատել, որ փաստորեն ԼՂ-ի հարցի վերջնական կարգավորումը տարանջատվում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայից, դեմարկացայից, այսինքն՝ այդ գործընթացը, երբ տեղի ունենա, չի նշանակի, որ ԼՂ-ի հարցը վերջնականապես փակվում է: Այդ հանգամանքը կարող ենք դրական համարել և փորձել օգտագործել ի շահ մեզ»,- նկատեց Բաղդասարյանը։ Նա ընդգծեց նաև՝  երբ Ադրբեջանը հայտարարի, թե այդ պրոցեսի արդյունքում երկու երկրները ճանաչում են միմյանց տարածային ամբողջականութւյունն, այդ դեպքում մեր փաստարկը կլինի այն, որ ԼՂ-ի ինքնորոշման հարցը երկու երկրների միջև միմյանց նկատմամբ տարածքային հավակնությունների հարց չէ,  այլ՝ ինքնորոշման: Հետևաբար, եթե անգամ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն՝ ԼՂ-ի կարգավիճակի հարցը որևէ կերպ չի փակվում:

Բաղդասարյանը նշեց, որ հայտարարության վերաբերյալ մեծ պատրանքներ ունենալ պետք չէ, ինքը մտավախութուններ ունի, որ դելիմիտացիայի դեպքում, ինչը ենթադրում է շփման սահմանագծից զորքերի երկկողմանի հետ քաշում, հնարավոր է՝ հայկական կողմը զորքերը հետ քաշի, ադրբեջանականը չանի։ Արդյունքում սահմանազատումից հետո մենք տարածքներ կորցրեցինք:

«Փաստաթուղթում ՌԴ-ը չի երաշխավորում, որ դելիմիտացիան և դեմարկացիան լինելու են արդարացի, ուղղակի երաշխավորում է, որ դա կլինի առանց ԶՈՒ-ի կիրառման և լարվածության: Ես վստահ եմ, որ ադրբեջանական կողմը փորձելու է օգտագործել այդ անորոշությունները և լարվածության նոր առիթներ ստեղծել, փորձել առաջ գալ։ Երբ գործընթացը սկսվի, նրանց համար դժվար կլինի առաջ գալ։ Այդ պատճառով նրանք անպայման  փորձելու են մինչ այդ նորանոր տարածքներ նվաճել, առավել ևս, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան ադրբեջանական տարածքներ, որոնք մեր տիրապետության տակ են այսինքն`պատրաստակամություն հայտնեց հետ քաշվել նաև այդ հատվածներից»,- ընդգծեց Բաղդասարյանը: