Բախվում ենք երեխաների իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի, իրավական պաշտպանվածությունը բավարար չէ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24 News

թագուհի թովմասյան

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետ համատեղ «Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով քննարկում էր նախաձեռնել։

Բացման խոսքի ժամանակ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նշեցի, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում համարվում է առաջնահերթ լուծման խնդիր, իսկ երեխաների համար ավելի բարեկեցիկ կյանք ու ապագա կառուցելու ճանապարհը նրանց հնարավորությունների ընդլայնումն է։ «Մեծահասակներս պետք է առաջնորդենք նրանց, բայց դա ամենևին նրանց հովանավորելը չպետք է լինի։ Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության պաշտպանության ու հոգածության ներքո են։ Չնայած նրան, որ ոլորտում առկա են մեծաթիվ օրենսդրական ակտեր, որ միտված են կարգավորելու երեխաների իրավունքները, այնուամենայնիվ, շարունակում ենք բախվել երեխաների իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի հետ, հետևաբար, իրավական պաշտպանվածությունը բավարար գնահատել չի կարելի»:

Երեխաները մշտապես տնտեսական անկայունության ու փոփոխվող սոցիալական միջավայրի բացասական ազդեցությունն են կրում, ինչը, անխոս, շատ մտահոգիչ է։ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են տարբեր կազմակերպություններ, որոնցից ամեն մեկը մասնագիտացված է իր ոլորտում, բայց նրանց մոտեցումը, ցավոք, հաճախ հատվածական է։

«Երեխայի իրավունքների պաշտպանության առաջնային խնդիրներից է դժվարին իրավիճակում հայտնված երեխայի վաղ հայտնաբերումը, ուղղորդումն ու միջամտության ցուցաբերումը։ Առկա են բացեր հատկապես երեխաներից բաժանման վտանգի առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու մասով, իսկ երեխաների զարգացմանը խթանող ամենաբարենպաստ միջավայրն ընտանիքն է»,- ընդգծեցի աշխատաժողովի բացման խոսքում։

Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի համակարգող Արտակ Շաքարյանն ուրախությամբ նշեց, որ կարողացել են աջակցել Ազգային ժողովին այս կարևոր հարցի քննարկումը կազմակերպելու հարցում։ Նշեց նաև, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը խորհրդարանական վերահսկողության հարցում աշխատում է Ազգային ժողովի հանձնաժողովների հետ։ Նա լիահույս է, որ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովն է՛լ ավելի ակտիվ կլինի համագործակցության հարցում, իսկ քննարկման ժամանակ հնչած հարցերն ու տեսակետ-մեկնաբանությունները հետագայում օրինագծեր կդառնան։

Քննարկմանը ներկա աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահեցրեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների շարունակական իրականացումը նախարարության առաջնահերթություններից է։ Նրա համոզմամբ՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դրական արդյունքների արձանագրումն անշուշտ կապված է ինչպես օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությունների ներկայացման, այնպես էլ օրենսդիր մարմնի կողմից դրանք գերակա համարելու, մարդու իրավունքների պաշտպանի հետ երկխոսության ու ոլորտային այլ կառույցների հետ շարունակական երկխոսություն ապահովելու առումով։ «Քննարկմանը հավաքվածների նպատակը, վստահ եմ, մեկն է՝ ստեղծել նպաստավոր պայմաններ երեխաների պաշտպանության համար ու գործել՝ ելնելով երեխաների լավագույն շահի ապահովման սկզբունքից։ Չնայած կատարված ու կատարվելիք ծրագրերին՝ ոլորտում առկա են մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք հարիր լուծումներ են պահանջում, իսկ նման քննարկումները նմանատիպ բոլորը հարցերին լուծումներ գտնելու համար են»,- հավելեց նախարարը։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հայկ Խեմչյանն էլ բացման իր խոսքի ժամանակ ասաց, որ երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը միշտ են արդիական, իսկ երեխաների պաշտպանությունը երեխաներին բռնություններից ու չարաշահումներից զերծ պահելն է։ Երեխաների իրավունքների անքակտելի մասը, Խեմչյանի համոզմամբ, երեխաների՝ ընտանիքներում մեծանալն է։

--00—ՄՀ