«Չկան և չեն լինում անլուծելի խնդիրներ». Խաչատուրյանը` Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Խաչատուրյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի խմբին, որի կազմում տարբեր ֆակուլտետների ուսանողներ և դասախոսներ էին:

Նախարարը ուսանողների հետ զրուցել է Հայաստանի տնտեսության զարգացման, առաջնահերթությունների, հեռանկարների և մի շարք այլ թեմաների շուրջ։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ վերջին տարիների մի շարք ոլորտներում շոշափելի արդյունքներ են գրանցվել, օրինակ՝ շուրջ 500կմ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել, գյուղատնտեսությունում ներդրվել են տեխնոլոգիական լուծումներ, ինչի արդյունքում բարձրացել է արտադրության ծավալները և դյուրացվել մարդկանց աշխատանքը։

Նախարարն ընդգծել է, որ չկան և չեն լինում անլուծելի խնդիրներ։ Եթե ցանկություն կա արգելքները հաղթահարելու՝ ցանկացած խնդիր հնարավոր է լուծել։

Վահագն Խաչատուրյանը ուսանողների համար դասախոսություն է կարդացել Էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ, որոնց վերականգնումը Արցախում տնտեսության կարևորագույն նպատակներից մեկն է։ Անդրադարձ է եղել նաև ջրային ռեսուրսների օգտագործման նորարարական ուղղությունների թեմային։

Հանդիպմանը մասնակցել է նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը:

--00--ԱԹ