Կհամագործակցեն Հայաստանի ազգային արխիվն ու Բեյրութի Հայկազյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Արխիվ

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը հանդիպել է Բեյրութի Հայկազյան համալսարանի  նախագահ, Վեր. դոկտոր Փոլ Հայտոսթեանին: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային արխիվից:

Զրուցակիցները պայմանավորվել են մեկնարկել բազմաբովանդակ համագործակցություն, ըստ որի՝  Մերձավոր Արևելքից Հայաստանի ազգային արխիվ նյութեր փոխանցելու ցանկություն ունեցող անհատներն ու կազմակերպություններն այդ առնչությունները կիրականացնեն Հայկազյան համալսարան խողովակով:

Հայաստանի ազգային արխիվի տնօրենի և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահի միջև համաձայնություն է ձեռք բերվել  Միջին Արևելքի՝ հայկական թեմաներով արխիվային նյութերի ցանկագրման, թվայնացման, մատչելիության և անվտանգության ապահովման վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպելու մասին:

Մեկ այլ խորհրդաժողով-ցուցահանդես էլ կազմակերպվելու է Հայաստանի և Լիբանանի հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ:

Կողմերը պայմանավորվել են նաև Հայկազյանի սաների՝ ամռանը Հայաստանի ազգային արխիվ այցելելու և փորձաշրջան անցնելու, փորձի և հրատարակությունների փոխանակման, Հայկազյան Հայագիտական հանդեսում Հայաստանի Ազգային արխիվի աշխատակիցների հոդվածների հրապարակման և լիբանանահայությանը վերաբերող փաստագրական ժողովածու հրատարակելու շուրջ։ Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցները փոխադարձ այցով կմեկնեն Բեյրութ` Հայկազյան համալսարանում ուսումնասիրելու արխիվային նյութեր։

--00--ԱԹ