Արցախի ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2022-ի պետբյուջեի օրինագիծը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ քննարկվել է Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի օրինագիծը:

Օրակարգում ընդգրկված են եղել «ԱՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, կադաստրի և պետական գույքի կառավարման, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտի ֆինանսավորման հարցերը:

Գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի 2022 թվականի ծախսերը, ասել է, որ այն կկազմի 5 մլրդ 738 մլն 500 հազ դրամ, ինչը 2021 թվականի՝ 9 մլրդ 293 մլն 088,7 հազ դրամի համեմատ նվազել է 3 մլրդ 554 մլն 588,7 հազ դրամով: Մանրամասնելով ծրագրային հատկացումները՝ նախարարը ներկայացրել է թվով 20 ծրագրի իրականացման շրջանակ։

Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի խոսքով՝ 2022 թ. բյուջեով կապիտալ ծախսերի համար նախատեսված է 30 մլրդ դրամ, որը կուղղվի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի գերակա բնագավառներին՝ բնակարանաշինությանը, կրթությանը, ճանապարհաշինությանը, մշակույթին և սպորտին, ԱՀ բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին, ԱՀ բնակավայրերում ջեռուցման համակարգերի վերակառուցմանը և ԱՀ էներգետիկ համակարգերի արդիականացմանը։ Սարգսյանը պարզաբանել է պատգամավորների՝ Ստեփանակերտի որոշ փողոցների ասֆալտապատմանը, ապաստարանների կառուցմանը, միջգյուղական ավտոճանապարհների բարեկարգմանը, բնակարանաշինությանը, տեղահանվածների բնակարանաշինության հայտարարված վերջնաժամկետին, հրետակոծությունից տուժած բնակարանների վերանորոգման աշխատանքներին վերաբերող հարցերին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 19 մլրդ 577 մլն 460 հազ դրամ։ Նախարար Հայկ Խանումյանը մանրամասն ներկայացրել է հիմնական ծրագրային ուղղությունները և պատասխանել փոքր էլեկրակայանների կառուցմանը, բջջային և ինտերնետ կապի ծառայությունների բարելավմանը, ավտոբուսային պարկի թարմացմանը, ՇՏՀ–ին կից լաբորատորիայի գործարկմանը և արտադրանքի իրացմանը, ինչպես նաև ոլորտում առկա այլ խնդիրների վերաբերյալ պատգամավորների առաջադրած հարցերին:

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ. պետական բյուջեի ծախսերը կազմել են 606 մլն 555 հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 78 մլն 378,8 հազ դրամով։ Կոմիտեի նախագահ Ս. Գալստյանը պատասխանել է տեղահանված քաղաքացիների շարժական գույքի և տեղահանված բնակիչների չգրանցված գույքի փոխհատուցմանը կամ ֆինանսավորմանը վերաբերող հարցերին։

Մշտական հանձնաժողովների համատեղ նիստը այնուհետև շարունակվել է ընդմիջումից հետո։

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Ա. Մանգասարյանի խոսքով՝ 2022 թ. բյուջեով նախատեսված է 15 մլրդ 819 մլն 800,0 հազ դրամ, որից 12 մլրդ 985 հազ դրամը ուղղվելու է բնակարանային ապահովման ծրագրին, 2 մլրդ 5 մլն դրամը ՝ բնակտարածքները գույքով և կենցաղային տեխնիկայով ապահովման ծրագրին, 334 մլն 800 հազ դրամը՝ բնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովման նպատակով ֆինանսական օգնության տրամադրման ծրագրին։

Կոմիտեի նախագահը պատասխանել է 1988-92 թթ. ԼՂՀ բռնագաղթված անձանց բնակարաններով ապահովելու, առաջարկվող ծրագրի սահմաններում բնակարանների տրամադրման սկզբունքների, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող բնակարանների արժողության և ոլորտին առնչվող այլ հարցերի։

ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գ. Հայրիյանը, ներկայացնելով ոլորտի ծրագրերը, նշել է, որ 2022 թ. բյուջեով նախատեսվում է տրամադրել 8 մլրդ 840 մլն դրամ, որի մեծ մասը՝ 8 մլրդ դրամը ուղղվելու է ջրային համակարգերի կառուցման, վերանորոգման, վերակառուցման և պահպանման ծրագրի աշխատանքներին։Պատգամավորների բարձրացրած հարցերը Պատարա-Ստեփանակերտ նոր ջրագծի կառուցման ու ջրասնուցման աշխարհագրության, նոր ջրագծերի կառուցման և առկա համակարգի բարելավման, ջրապաշարի բավարարվածության վերաբերյալ էին։

Բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Գաբրիելյանը նշել է, որ համակարգի բնականոն աշխատանքի կազմակերպման համար ոլորտի ծախսերը 2022 թ. պետական բյուջեով կազմել են 211 մլն 79 հազ դրամ։

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ծախսերը, հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի հաղորդմամբ, 2022 թ. բյուջեով կազմում են 240,1 մլն դրամ։ Ըստ կանխատեսումների՝ 2022 թվականին կարգավորող ընկերությունների կողմից ԱՀ պետական բյուջե կմուտքագրվի շուրջ 346,1 մլն դրամ։ Ոլորտի պատասխանաատուն պատասխանել է ռադիոհաճախականության տիրույթի հնարավոր անվտանգության և ինտերնետ կապի բարելավմանն ուղղված պատգամավորների հնչեցրած հարցերին։

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Հրանտ Սաֆարյանի խոսքով՝ հիմնադրամին պետական բյուջեից այս տարի տրամադրվելու է 1մլրդ 316 մլն դրամ։ Պահպանման ծախսերը կազմելու են 380 մլն դրամ։ Հիմնական ծախսերը ուղղվելու են առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը և առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկմանը: Հիմնադրամի նախագահը պարզաբանումներ է տվել ոլորտին առնչվող հարցերին:

Արցախի ներդրումային հիմնադրամի 2022 թ. ծախսերը ներկայացրել է Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Մխիթարյանը: Ըստ ներկայացրած տվյալների՝ 2022 թ. պետական բյուջեի նախագծով «Աջակցություն Արցախի ներդրումային հիմնադրամին» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 4.0 մլրդ դրամ։ Հիմնադրամի նախագահի տեղակալը պատասխանել է վարկավորման նոր ծրագրերին վերաբերող հարցին։

Նիստին ներկա են եղել ԱՀ ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը, նախագահի տեղակալ Գ. Բաղունցը, պատգամավորներ, ֆինանսների նախարարի տեղակալ Ն. Ավանեսյանը։

--00—ՄՀ