Ովքե՞ր են «պահում» Հայաստանի բնակչությանը կամ տնտեսական ամենամեծ մարտահրավերը

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 24, 24News

Մենք արդեն թևակոխեցինք 2019 թվական: Այս տարի բնակչության  թիվ մեկ սպասումը երկրի տնտեսությունում դրական ճեղքման ապահովումն է: Ավելի ճիշտ, ինչպես ձեւակերպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2019-ը թվականը պետք է լինի տնտեսական հեղափոխության տարի:

Այս խնդրում նոր իշխանությունը կանգնած է մի մեծ մարտահրավերի առաջ: Ու թվում է՝ դրա մասին միակ, եթե ոչ տեղեկացված, ապա առնվազն գիտակցող անձը հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Նախորդ տարի մեծ իրարանցում առաջացրեց վարչապետի հայտարարությունը, որ «350 հազար մարդ ճռռում է, 800 հազար մարդ ուզում է, որ նրանք ավելի շատ ճռռան»:

Իրականում, վարչապետի հենց այս արտահայտությունը հուսադրում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ոչ թե հեղափոխություն իրականացրած ընդդիմադիր քաղաքական գործիչ է, այլ երկրի լիարժեք վարչապետ, որը խորապես գիտակցում է երկրի առջեւ կանգնած խորագույն տնտեսական մարտահրավերը:

Խոսքը հետեւյալի մասին է: Հայաստանի առկա բնակչությունը կազմում է մոտ 2,8 մլն մարդ: Սրանից շուրջ 800 հազարը մինչեւ 18 տարեկան անչափահասներն են: Աշխատանքային տարիքի մնացած 2 մլն բնակչությունն ունի հետեւյալ կառուցվածքը.

  1. Շուրջ 500 հազ մարդը զբացված է գյուղատնտեսությունում: Այս մարդիկ ազատված են հարկերից: Ընդ որում,  չեն վճարում ոչ եկամտային հարկ, ոչ էլ այլ տիպի հարկեր (ԱԱՀ, շահութահարկ եւ այլն): Ֆորմալ միակ հարկատեսակը  գույքի ու հողի տեղական հարկերն են, որոնք, իրականում, չնչին գումար են կազմում: Քանի որ այս մարդիկ չեն վճարում եկամտային հարկ, ապա եւ կենսաթոշակային տարիքին հասնելուն պես չեն ստանում տարիքային կենսաթոշակ: Պատկերավոր ասած՝ գյուղացիներին մեր երկրում մենք վաղուց «հանձնել ենք հողին»: Գյուղացին ապրում է նրանով,  ինչ կարողանում է աճեցնել. եթե իր աճեցրածից ինչ-որ բան վաճառում է, նաեւ փող է ստանում, եթե ոչ՝ գոնե, ինքն իրեն կերակրում է:
  2. Պետք է առանձին նշել, որ մեզ միայն թվում է, որ այդ 500 հազար մարդը, գոնե, իրենց կարողանում է կերակրել: Իրականում, մեր գյուղատնտեսությունը մրցունակ չէ նաեւ հենց սրա պատճառով: Չի կարող արդյունավետ լինել գյուղատնտեսությունը մի երկրում, որտեղ բնակչության 25-30%-ը զբաղված է հենց գյուղատնտեսությունում: Ցանկացած երկրում գյուղատնտեսությունն արդյունավետորեն կարող է ապահովել միայն բնակչության 3-5%-ի ապրուստը: Իմիջիայլոց, այդպես էր նաեւ Սովետական Միությունում, երբ մեր իսկ Հայաստանի քաղաքային բնակչությունից դուրս բնակվող մարդկանց մեծ մասն, իրականում, զբաղվում էր ոչ թե գյուղատնտեսությամբ, այլ աշխատում էր տարբեր տեսակի արդյունաբերական ձեռնարկություններում՝ «կաբելի» գործարան, կոնդենսատորի զավոդ, լիմոնադի «ցեխ»:

 

Մեծ հաշվով, այսօր գյուղատնտըեսությունում զբացված 500 հազ մարդուց շուրջ 300-400 հազարի համար պետք է ստեղծել նոր աշխատատեղ, ընդ որում՝ ոչ գյուղատնտեսական:

Շուրջ 500 հազար մարդ կենսաթոշակառու են: Ստանում են կենսաթոշակը պետական բյուջեից:

Մոտ 450 հազ մարդ չի աշխատում: Իրանք կա՛մ գործազուրկ են, կա՛մ իրականում, աշխատում են, բայց որպես աշխատող գրանցված չեն, կա՛մ պարզապես չեն ուզում (չեն կարող) աշխատել: Այս մարդիկ նույնպես հարկեր չեն վճարում, պետական բյուջեից ստանում են տարատեսակ նպաստներ: Ընդ որում՝ պետք է նշել, որ մինչեւ հեղափոխությունը նման մարդկանց թվիվը շուրջ 50 հազ մարդով ավելի էր ու կազմում էր 500 հազար:  հեղափոխությունից հետո աշխատանք «ստացած» մարդիկ նախկինում եւս աշխատում էին՝ «թաքնված» էին հարկային իմաստով ու գրանցված չէին: Այսինքն, շատ քիչ է հավանականությունը, որ մնացած 450 հազար չաշխատող մարդկանց թվում մնացել են չգրանցված, բայց իրականում աշխատողները:

Եւ, վերջիվերջո, շուրջ 550 հազար մարդ, որոնք ունեն վարձու աշխատանք, կանոնավոր պետական բյուջե վճարում են հարկեր ու նաեւ կենսաթոշակային տարիքը լրանալուն պես կարող են պետական բյուջեից ստանալ տարիքային կենսաթոշակ: Ընդ որում, այս 550 հազ վարձու աշխատողներից շուրջ 200 հազար մարդը զբաղված է պետական հատվածում՝ պետական ծառայող է, ուսուցիչ, պոլիկլինիկայի բժիշկ, ոստիկան եւ այլ:

Այսինքն, մեր երկրի մասնավոր հատվածը՝ տնտեսության իրական ողնաշարը, ստեղծել է ընդամենը 350 հազար աշխատատեղ: Եւ հենց այս 350 հազար մարդու կողմից վճարվող հարկերով է պահվում 200 հազար պետական աշխատողը, 500 հազար կենսաթոշակառուն ու 100 հազ նպաստ ստացողը:

Մեր երկրի առջեւ է կանգնած հենց այս լրջագույն տնտեսական մարտահրավերը։

Ռաֆայել Դավթյան