Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել հակամարտության կայուն կարգավորման

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Միշել

Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են Արևելյան գործընկերության տարածաշրջանի հիմնարար խնդիր: Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան վեհաժողովին ուղղված տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ դրանք պահանջում են նոր ջանքեր՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։ Միշելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է իր դերը կատարել հակամարտությունների կանխարգելման և լուծման գործում, ինչը ներառում է վստահության ձևավորում և կայուն ու համապարփակ կարգավորման խթանում, ներառյալ հետկոնֆլիկտային վերակառուցման միջոցառումների աջակցությունը:

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը: Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման: Սա նաև պահանջում է համախմբել քաղաքացիական հասարակությունը Հայաստանում և Ադրբեջանում, կառուցել կամուրջներ և օգնել հասնելու հաշտեցման ջանքերին»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Նշենք, որ ավելի քան 300 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և քաղաքական առաջնորդներ Արևելյան գործընկերության երկրներից և ԵՄ-ից կհավաքվեն Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 13-րդ տարեկան վեհաժողովին, որը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը։

Վեհաժողովը նպատակ ունի ընդգծել քաղաքացիական հասարակության կարևոր դերը Արևելյան գործընկերության վեց երկրում վերակառուցման և ճկունության կառուցման ճանապարհին:

Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթաժողովի նախօրեին (2021թ. դեկտեմբերի 15-16-ը) վեհաժողովի մասնակիցները կքննարկեն Քաղաքացիական հասարակության ֆորումի խնդիրներն ու քաղաքական նպատակները։ Նրանք նաև կքննարկեն, թե ինչպես լավագույնս կիրառել Արևելյան գործընկերության նոր ծրագիրը՝ ուժեղացնելու քաղաքացիական հասարակության անվտանգությունը, հաշվետվողականությունը և արդյունավետությունը:

--00—ՄՀ