Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զինծառայողների անմիջական դիտարկման ներքո է

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

միպ

 

Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է, այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունում։

«Բացի այն, որ որևէ հիմք չունեցող ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով մարդիկ զրկվել են Գորիս-Կապան ճանապարհով [M2] ազատ ու անվտանգ տեղաշարժվելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից, այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն)», - նշել է Թաթոյանը։

Այսօր նա ուսումնասիրել է նաև այս պահին շահագործվող այլընտրանքային միակ ճանապարհի դիտարկվող հատվածները։

Ըստ Թաթոյանի՝ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր (նույնը վերաբերում է նաև Նոր Առաջաձորին) տանող ճանապարհի փակումը մարդու իրավունքների և մեկուսացման լուրջ խնդիրներ է առաջ բերել նաև այն առումով, որ եթե մինչև նոյեմբերի 11-ը՝ ճանապարհը փակվելը, Գորիսից Կապան ճանապարհը անցնում էր այս գյուղերով ու, հետևաբա,ընդհանուր տեղաշարժն էլ էր այս գյուղերով, ապա հիմա այս գյուղեր գալիս են միայն կա՛մ բնակիչները, կա՛մ հենց նպատակային գյուղեր այցելողները: Նաև իրանական բեռնատար մեքենաներն են երթևեկում:

«Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:
Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից:

Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում և վերջ: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին», - նշել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

 --00—ՄՀ