Արցախի հարցը լուծված չէ, ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները։ Այս մասին «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին իր ելույթում նշել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Անցած տարվա սեպտեմբերի 27-ին մենք լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեցինք Ադրբեջանի կողմից, որին անմիջականորեն և անթաքույց սատարում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից բերված վարձկանները։

Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, աղետալի հետևանքներ ունեցավ իմ ժողովրդի համար՝ խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, անօթևան թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց, թշնամական գերության մեջ նետելով մեր հարյուրավոր հայրենակիցների, որոնց գերակշիռ մասին Ադրբեջանը մինչ օրս, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում և խոշտանգումների է ենթարկում Բաքվի բանտերում։

Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ և պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաև շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների։

Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները։

Բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոչ թե մեր ժողովրդի, այլ հանցավոր անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն է։

Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը ինչպես ակտիվ ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրած ջանքերի, այնպես էլ Խաղաղապահ զորակազմի տեղակայման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման համար և կոչ ենք անում ավելի ամուր կանգնել հրադադարի պահպանման դիրքերում:

Իմ գործընկերներին կոչ եմ անում նաև անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ :

Հայաստանում վերջերս տեղի ունեցած արտահերթ ընտրությունները ելք չդարձան խորքային ճգնաժամից երկրի դուրսբերման համար։ Մենք ընդամենը մտանք դժոխքի նոր շրջան՝ ադրբեջանական շարունակվող ագրեսիայով, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում։ Տարածաշրջանային վերջին զարգացումների և մարտահրավերների համատեքստում չի կարելի անտեսել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի դիտարկել պատերազմի կործանարար և անարդար հետևանքները որպես նոր իրողություն։ Մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ։

Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել այս ներկայացուցչական համաժողովի բոլոր մասնակիցների առջև, որ Արցախի հարցը լուծված չէ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից»:

--00--ԱԹ