«Բուրգըրի»-ում «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակների ողջ խմբաքանակը ոչնչացվել է

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

բուրգերի

«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ արդեն տեղեկացվել է, որ, համաձայն փորձաքննության արդյունքների, նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա, հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, որոնց լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:

Հանրային սննդի օբյեկտում առկա «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակների ողջ խմբաքանակը ոչնչացվել է, իրականացվել են ախտահանման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 20-ին «Բուրգըրի» հասարակական սննդի կազմակերպությունում սնված 13 քաղաքացի, «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ, հոսպիտալացվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», - ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։

--00—ՄՀ