ԶՄՊԿ 75% բաժնետոմսերի վրա դրված արգելանքը վերացնելու որոշումը բեկանվել է. թույլ է տրվել դատական սխալ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

ԶՄՊԿ

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 75 %-ի վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ և բեկանել դատական ակտը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։

Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ էր ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

Նկատենք, որ բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է բավական ցածր, այդուհանդերձ, անգամ այդ գումարը Տրոցենկոն դեռեւս չի կարողացել վճարել ու պայմանագրում նախատեսվել է հետաձգվող վճարման պայման։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել գործարքի վարկավորման համար եւս, քանի որ որոշ բանկեր ռիսկեր են տեսել բաժնետոմսերի ձեռք բերման օրինականության առումով ու խուսափում են վարկ տրամադրել։ Ժամանակը ցույց տվեց, որ բանկերի մտահոգություններն արդարացված էին ու գործարքն անվավեր ճանաչելու ռիսկերն առավել քան առարկայական են։

--00--ԱԹ