ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կապի մեջ են նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց ընտանիքների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

կղկմ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների և պատկան մարմինների հետ՝ նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված անձանց տեսակցելու նպատակով:

Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրեր»-ին տեղեկացրել է, որ կապի մեջ են գերեվարված անձանց ընտանիքների հետ: Եվրադատարանը նոյեմբերի 25-ին գերեվարված 4 անձի նկատմամբ անհապաղ միջոց կիրառելու որոշում էր կայացրել՝ բավարարելով իրավապաշտպանների դիմումը:

ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը՝ այսինքն՝ այսօր, ժամանակ է տվել Բաքվին՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին: Նրանց նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին գանգատ է ներկայացրել Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը:

«Մեր հիմնական երկխոսությունը տեղի է ունենում պատկան մարմինների, իշխանությունների ներկայացուցիչների հետ, և միայն նրանց պաշտոնական հաստատումն է հիմք հանդիսանում դիմելու տեսակցություն կատարելու նպատակով: Շարունակում ենք կապի մեջ գտնվել իրենց հարազատներին փնտրող անձանց հետ»,- ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: 

--00—ԼՄ