Անընդունելի է, որ առայսօր Ստեփանակերտի զինվորական պանթեոնում նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների և պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը նշել է, որ զոհվածների հարազատների հետ շինաշխատանքներին առնչվող հարցերի քննարկման ընթացքում պարզվել է, որ կան արդարացված դժգոհություններ, և խորհրդակցության նպատակն է առկա խնդիրների համար պատշաճ լուծումներ գտնելը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝  աշխատանքների ծավալը մեծ է, և հանրության կողմից ընկալելի է, որ  հնարավոր չէ այն ավարտին հասցնել մեկ տարում, սակայն անընդունելի է, որ նախագծման աշխատանքներն առայսօր ընթացքի մեջ են։

Օրակարգի շուրջ Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, նշել  նոր աշխատուժի ներգրավման անհրաժեշտության մասին և ընդգծել՝ եթե խոստացված ժամկետներում նախագծման աշխատանքներն ավարտված չլինեն, կկիրառվեն օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խնդրո առարկա դարձած այլ հարցեր:

--00—ՄՀ