Գերմանիայում մահացել է Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Աշխարհ

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում իր մահկանացուն է կնքել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման համար շուրջ 20 տասնամյակ ակտիվ պայքար մղած թուրք մտավորական Ալի Էրթեմը, ով նաև հենց այդ նպատակով ստեղծված Միություն ընդդեմ Ցեղասպանության (Soykırım Karşıtları Derneği) կազմակերպության հիմնադիրն ու նախագահն էր։

Այդ մասին ափսոսանքով հաղորդում է Akunq.net-ի խմբագրությունը՝ միաժամանակ ցավակցություն հայտնելով Ալիի տիկնոջը՝ Սելայ Էրթեմին, դուստրերին և մյուս մտերիմներին ու հարազատներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալի Էրթեմը հիշյալ կազմակերպությունը հիմնել էր դեռևս 1998 թվականին և հենց այդ տարի էլ առաջին անգամ այցելել Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը հիմնադրման ամսաթվից սկսած ամեն տարի, ապրիլի 24-ին որևէ ներկայացուցիչ էր ուղարկում Երևան՝ միության անդամների անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին ծաղկեպսակ խոնարհելու համար։ Միության անդամները միաժամանակ խորհրդանշական գումար էին հավաքում և նվիրաբերում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ Մեծ եղեռնից վերապրած հայերին փոխանցելու կամ այլ ծախսեր հոգալու նպատակով։

Կազմակերպությունը նաև ակտիվ գործունեություն էր ծավալում Ֆրանկֆուրտում, Գերմանիայի այլ քաղաքներում, ինչու չէ, նաև՝ այլ երկրներում։ Այսպես, միությունը երբեմն հանդես էր գալիս տարբեր միջոցառումներով, այդ թվում՝ դասախոսություն-սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և այլ հետաքրքիր ձեռնարկներ, որոնք բոլորն էլ նվիրված էին լինում Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հետևանքների վերացմանը (Այդ մասին ավելի մանրամասն տես)։ 

Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ ակցիաներ էր իրականացնում Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի կամ Գերմանիայում Թուրքիայի այլ ներկայացուցչությունների մոտ՝ հիշեցնելով այդ երկրին իր գործած մեծ ոճիրների մասին։ Նման մեծ ակցիա կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, 2015 թ․ ապրիլին Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Մասնավորապես, կազմակերպության անդամները, ապրիլի 24-ին նահատակված հայ մտավորականների լուսանկարները բռնած, բողոքի ակցիա իրականացրեցին հյուպատոսարանի դիմաց (Այդ մասին մանրամասն տես

Ալի Էրթեմը վերջին անգամ Հայաստան էր այցելել 2019 թ․ գարնանը։ Կարծես թե իր մոտալուտ վախճանի մասին կանխազգացում ունենալով՝ նա և միության մյուս անդամներն այդ անգամ իրենց հետ Երևան էին բերել նաև իրենց զավակներին՝ ցանկանալով ցեղասպանությունների և մարդկայնության դեմ գործված մյուս հանցագործությունների դեմ պայքարի ջահը փոխանցել գալիք սերունդներին։

--00--ԿԿ