Արցախցի հովվի գերեվարումն ու սպանությունը մտնո՞ւմ է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների մեջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սոչիում կայացած խիստ արդյունավետ հանդիպումից հետո, որից ահավոր գոհ էին հանդիպման բոլոր դերակատարները, այսօր ադրբեջանցի զինվորականները գերեվարել և սպանել են Արցախի Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանին։

Այսօր ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանցիները ներխուժել են Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի, բռնությամբ արցախցուն տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ և հայ հովվին սպանել են։

Արցախյան կողմում տեղակայված տեսախցիկներն արձանագրել են արցախցու գերեվարումն ու սպանությունը։

Մինչ այս պահը Սեյրան Սարգսյանի դին չի փոխանցվել հայկական կողմին։

Չմոռանանք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները այլևս երկկողմ ձևաչափով սկսել են «արդյունավետ» քննարկումներ իրականացնել։

Չգիտեմ՝ արցախցի հովվի գերեվարումն ու սպանությունը մտնո՞ւմ է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների մեջ, թե՝ ոչ, պարզապես մեկ անգամ եւս վերհիշենք, որ Սոչիի հանդիպումից եռակողմ ու հատկապես երկկողմ իդիլիան կատարյալ էր»։

--00--ԱԹ