Ոսկեվազում գազի ներքին ցանց է կառուցվում, գազատարը ներառում է համայնքի 8 փողոց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում:

Ավելի քան 2 կմ երկարությամբ նորակառույց գազատարը ներառում է համայնքի 8 փողոց, արդյունքում՝ ևս 50 ընտանիք և ջերմատնային գործունեություն ծավալող հարակից տնտեսությունները հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:

Ծրագրի արժեքը 13 միլիոն դրամ է, որի 50 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50 %-ը կներդրվի համայնքային բյուջեից. համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով:

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանն օրերս այցելել է շինհրապարակ և ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

--00—ԼՄ