Ինչ նոր որոշում է կայացվել Արմեն Գևորգյանի գործով

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

Արմեն Գևորգյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվել: Որոշման մանրամասների մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Ստացել եմ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի՝ 12․11․2021թ-ին թիվ 3/2-11874 գրությունը, որտեղ նշվում է, որ ՀՀ ՄԻՊ-ից ստացված դիմում առաջարկության հիման վրա / որը ՄԻՊ-ը ձևավորել է Արմեն Գևորգյանի գործով/, 2019 թվականի հոկտեմբեր ամսից հետո, վերանայվել է գործող պրակտիկան և ՍԷԿՏ համակարգից տվյալները այսուհետ հեռացվում են նաև այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմիններն առանց մեղադրյալի կամ կասկածյալի խափանման միջոցը վերացնելու մասին որոշում կայացնելու /պարզապես թույլատրելով վերջիններիս ժամանակավորապես հատել ՀՀ սահմանը/ դրա վերաբերյալ գրավոր պահանջ են ներկայացրել հիշյալ համակարգ մուտքագրված անձանց տվյալները հեռացնելու վերաբերյալ։

Մինչ այդ, ՀՀ ոստիկանությունը ՍԷԿՏ համակարգից համապատասխան սահմանափակումը չէր վերացնում հղում կատարելով ՀՀ կառավարության 884-Ն որոշման վրա, ըստ որի ՀՀ ոստիկանությունը ՍԷԿՏ համակարգից հանում է (դադարեցնում է) մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից սահմանված հսկողությունը, եթե ՀՀ ոստիկանությանը տրամադրվում է այդ անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը ՎԵՐԱՑՆԵԼՈՒ մասին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումը կամ նույն մարմնի գրությունը, որտեղ նշված կլինի այդպիսի որոշման կայացման մասին: Շնորհավորում եմ հարգելի գործընկերներ»- գրել է նա։

--00—ՄՀ