ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասին

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

միեդ

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին մինչև երկուշաբթի տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասին։ Տեղեկությունը հայտնում է 1lurer.am–ը։

Հայաստանը դատարան էր դիմել նոյեմբերի 22-ին՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ն էր ժամանակ տրվել՝ ներկայացնելու մանրամասն տեղեկություններ անձանց գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին:

«Ունենալով նախկին փորձը՝ կանխատեսում էինք, որ Ադրբեջանը հնարավոր է՝ չպատասխանի կամ ժամանակ խնդրի հարցադրումներին պատասխանելու համար: Դատարանից դեկտեմբերի 1-ին ծանուցում ստացանք, որ Ադրբեջանը խնդրել է երկարաձգել պատասխանների համար»,– ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ տեղեկություն տրամադրելու համար: ՄԻԵԴ-ը Բաքվի այդ դիմումը բավարարել է մասամբ՝ վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի 6-ը:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումն ու նախարարների կոմիտե դիմելու անհրաժեշտություն չի լինի:

«Հուսանք՝ այլ մեխանիզմներին դիմելու կարիք չի լինի, և դեկտեմբերի 6-ին կունենանք ինչ-որ պատասխան ադրբեջանական կողմից», - ասել է Դրմեյանը։

Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումների կատարման ժամկետը խախտելով՝ Ադրբեջանը փորձում է իրավական հարթակում ձգձգել հարցը՝ քաղաքական նպատակների համար:

«Որոշակի իմիջ արդեն կա Ադրբեջանի դեմ ձևավորված և՛ նախարարների կոմիտեում, և՛ Եվրադատարանում վճիռների չկատարման առումով: Ադրբեջանը մոտ 3 տարի չէր կատարում մի լրագրողի ազատելու ՄԻԵԴ-ի որոշումը», - հիշեցրել է Ղազարյանը։
Ադրբեջանը ՄԻԵԴ-ի պահանջով պետք է գերիների մասին ամբողջական տեղեկություններ ներկայացնի:

--00--ՀԱ