Հայաստանի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

․

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են թվով 132 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ, որոնցից գրանցվել են 130-ը, մեկ կուսակցության գրանցումը մերժվել էր , 1 կուսակցության գրանցումը ճանաչվել էր անվավեր։

Կուսակցությունների,կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում գրանցվել են 4190 թեկնածուներ։

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 2013 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 9 տեղական հասարակական կազմակերպություններ և մեկ միջազգային կազմակերպություն, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 25 զանգվածային լրատվության միջոցներ:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am :

--00--ԱԹ