«Անկախ դիտորդն» ամփոփել է տեղամասերում արձանագրված խախտումները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

Անկախ դիտորդ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ասուլիսի ընթացքում, ամփոփում էր ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության արձանագրած խախտումները։ Infocom-ը ներկայացնում ենք «Անկախ դիտորդ»-ի հայտնաբերած խախտումները։ 

  • Վանաձորում արձանագրվել է քվեաթերթիկները ընտրողի կողմից դուրս բերելու դեպք։
  • Աշտարակում արձանագրվել է դեպք, երբ վստահված անձը կրել է «Հայաստան» դաշինքի վկայական․ «Հայաստան» դաշինքը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում։
  • Մի շարք համայնքներում տեղամասերին հատկացվել է ավելի քիչ քվեաթերթիկ, քան տեղամասերի  ընտրողների ցանկն է։
  • Աշտարակում գրանցվել է դեպք, երբ ՀՅԴ-ի մեկից ավելի վստահված անձ միաժամանակ գտնվել է ընտրատեղամասում, Աշտարակում «Քաղաքացիական պայմանագրի» մեկից ավելի վստահված անձ է միաժամանակ գտնվել տեղամասում, Մեծամորում՝ «Զարթոնք» կուսակցության, Փամբակում՝ «Բարգավաճ Հայաստանի»։ Իոաննիսյանի խոսքով՝ վերջին դեպքը տարածքային ընտրական հանձնաժողովի բացթողման արդյունք է, որովհետև տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերին հայտնել էր, որ դա թույլատրված է։
  • Աշոցքում, Արտաշատում, Դվինում, Նոր Հաճնում, Վայքում, Վանաձորում քարոզչական պաստառներ են եղել արգելված տեղերում, գրություն է ուղարկվել համայնքապետերին։

Խախտումներ են արձանագրել նաև «Անկախ դիտորդի» շրջիկ դիտորդները․

  • Փարաքարում արձանագրվել է, որ «Ապրելու երկիր» կուսակցության տարբերանշանով մեքենան կանգնած է հենց տեղամասի մոտ։
  • Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքում՝ Եղվարդ քաղաքում, արձանագրվել է ՔՊ-ի միաժամանակ երկու վստահված անձի՝ տեղամասում գտնվելու դեպք։
  • Արտաշատում արձանագրվել է դեպք, երբ ոստիկանները տեղամասում շատ ելումուտ անեն նույնիսկ այն դեպքերում, երբ դրա կարիքը չկա։
  • Եղվարդի մեկ այլ տեղամասում արձանագրվել է դեպք, որ ՔՊ-ի երեք վստահված անձ միաժամանակ գտնվեն ընտրական տեղամասում։ 
  • «Ախուրյան» դաշինքի վստահված անձը բերել է ընտրողներին ընտրատեղամաս և ուղղորդել նրանց։
  • Արտաշատում միաժամանակ տեղամասում գտնվել են «Օրենք և արդարություն» կուսակցության երկու վստահված անձ, Թալինում՝ ՔՊ-ի երկու վստահված անձ։
  • Արմավիրի Բաղրամյան համայնքում նկատվել են դեպքեր, երբ ընտրողներին օգնել են առանց գրանցամատյանում գրանցելու։
  • Սարամեջ գյուղում արձանագրվել են «Հայրենիք» կուսակցության պաստառներ, բայց դրանք շատ արագ հեռացվել են։
  • Մարտունիում միաժամանակ գտնվել են «Ալաշկերտ» կուսակցության թեկնածուներ, տեղամասերում թեկնածուների ներկայությունը մինչև 20։00-ն արգելված է։

--00--ԱԹ

Տեսանյութեր