Շուշիի հարակից տարածքում պահանջել են իջեցնել հայկական դրոշները. շաբաթը` ամփոփ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

Հենակետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա սկզբում մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Արցախի Պաշտպանության բանակի՝ Շուշիին հարող դիրքերում, որոնց մոտակայքով ադրբեջանցիները երթևեկ են անում, հրահանգված է իջեցնել հայկական երկու հանրապետությունների դրոշները։ Թեմայի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի եղել։

Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում լայն քննարկման առարկա էր դարձել ոմն Ռոման Բաղդասարյանի կողմից տարածած տեղեկատվությունը այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ և Մատաղիսում սպանել են 200 մարդու։

ԱՀ դատախազությունից թեմայի վերաբերյալ հայտարարել են, որ Բաղդասարյանի կողմից ներկայացված հանցագործության մասին տեղեկություններն ուղարկվել է ԱՀ ԱԱԾ՝ հետագա քննարկման համար: ԱՀ ԱԱԾ-ն էլ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ հիշյալ հայտարարության կապակցությամբ իրականացվում են ստուգումներ, Բաղդասարյանին էլ առաջարկել են հնարավորինս սեղմ ժամկետում ներկայանալ ԱՀ ԱԱԾ և պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հայտարարված ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ: Թեմայի վերաբերյալ փորձագետները հիմնականում նշել են, որ նման դեպքերում ուժային կառույցները պետք է ավելի օպերատիվ գործեն, քանի որ այդօրինակ տեղեկությունները իր մեջ ազգային անվտանգության էլեմենտներ է պարունակում։

Շաբաթվա վերջում ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքի՝ մասնավորապես, Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, ապա Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։

Միջադեպի վերաբերյալ ԱՀ ԱԳՆ-ից հայտարարել են, որ նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանման մասնագետները COVID-19-ի տարածման դեմ մի շարք կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել։

ՌԴ ՊՆ-ից նաև հաղորդել են, որ խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Շուշիի շրջանի վարչակազմի դիմումի համաձայն ապահովել են անվտանգությունը էլեկտրահաղորդիչների վերականգնման աշխատանքների ժամանակ:

ՌԴ ՊՆ մեկ այլ հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ պլանային մարտական պարապմունքի շրջանակում ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել՝ երեւակայական հակառակորդի հնարավոր խախտումները կանխելու եւ Արցախի Շուշիի շրջանի դիտակետում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Պարապմունքն ավարտվել է զինծառայողների պրակտիկ գործողություններով եւ դիտակետի մարտական պատրաստության պահպանման առաջադրանքների մշակմամբ համալիր պարապմունքով։

Շաբաթվա վերջում ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են, որ Ասկերանի բնակիչները դիմել են ռուս խաղաղապահ առաքելությանը` խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը սահմանային հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Աշխատանքները սկսվել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում` ռուս խաղաղապահների կողմից տարածքը պայթյունավտանգ առարկաներից, չպայթած զինամթերքից մաքրելուց, ականազերծելուց հետո:

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների և պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը:

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում գործող կարանտինի ժամանակ կիրառվող միջոցառումներին և սահմանափակումներին:

ԼՂ հակամարտության մասին

«XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախի հարցը լուծված չէ, ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ։Վերջինս նաև կոչ է արել անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։

Մոսկվայում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրության տեղեկատվական-վերլուծական կենտրոն: Այն կաշխատի REGNUM լրատվական գործակալությանը կից: Դրանում կընդգրկվեն մասնագետներ, որոնք անձամբ և անմիջականորեն ծանոթ են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, որոնք բազմիցս եղել են այնտեղ և փորձագիտական կապեր են պահպանում դրա հետ։ Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրության կենտրոնը կղեկավարի համատեղությամբ REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԵԱՀԿ–ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախարարները, որպես համանախագահ երկրներ, հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նշենք, որ այդ հայտարարության տեքստը դեռ չի հրապարակվել։

ՌԴ ԱԳՆ-ից էլ տեղեկացրել են, որ Մոսկվան օգտակար է համարում ԵԱՀԿ-ի դերը մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորմանն աջակցելու հարցում:

Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդենն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս բռնության վերսկսմամբ։ Վերջինս ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կարևոր դեր ունի, և բոլորը պետք է լիակատար աջակցություն ցուցաբերեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ նախարարների խորհրդի շրջանակներում և դրանից դուրս:

--00--ԱԹ