Աբովյանում ԲՀԿ-ն ահազանգում էր իր օգտին քվեները հաշվի չառնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ՏԻՄ

Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ թվով ներկայացուցիչներ հավաքվել էին Աբովյան քաղաքի թիվ 12 մանկապարտեզում տեղակայված 29/14 ընտրատեղամասի մոտ։ Պատճառը, ինչպես հայտնում է 24News-ի թղթակիցը, ԲՀԿ-ական վստահված անձի ահազանգն էր։

Նա ասում էր, որ հանձնաժողովի նախագահը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է ներկայացնում, միանձնյա որոշում էր` որ քվեաթերթիկն է անվավեր։ Ըստ վստահված անձի՝ փորձ էր արվում անվավեր ճանաչել ԲՀԿ-ի օգտին տրված ձայները։

Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկաններ։ Այստեղ էր ժամանել նաև Աբովյանի փոխքաղաքապետ Դավիթ Զարոյանը, ով նույնպես ավագանու անդամի թեկնածու է։ Այստեղ էր նաև նախորդ գումարման Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

Մի շարք բանակցություններից հետո ի վերջո կրքերը հանդարտվեցին, ձայների հաշվարկը շարունակվեց, իսկ ԲՀԿ-ի օգտին տրված քվեները սկսեցին հաշվի առնվել։

Նախնական տվյալներով՝ Աբովյան համայնքի ընտրություններում առաջատար է ԲՀԿ-ն, որի համայնքապետի թեկնածուն Էդուարդ Բաբայանն է։

--00--ԱԹ