Դատարանը ոստիկանությանը պարտավորեցրել է 200,000 դրամ փոխհատուցում տալ անհիմն բերման ենթարկվածին

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24 News

դատարան

Վարչական դատարանը մասնակի բավարարել է 2018 թ․ ապրիլյան ցույցերի մասնակից Սարգիս Պողոսյանի հայցը և Ոստիկանությանը պարտավորեցրել փոխհատուցել նրան բերման ենթարկելու՝ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում պատճառված վնասը․ տեղեկացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից։

Սարգիս Պողոսյանի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱՎ-ն ստանձնել էր դեռևս 2018 թ․-ից, երբ Ս․ Պողոսյանին բերման են ենթարկել։ ՀՔԱՎ իրավաբան Անի Չատինյանը նախ որպես փաստաբան մասնակցել է վարչական վարույթին, ապա 2018 թ․ ապրիլի 19-ին հայց է ներկայացրել դատարան՝ ոչ իրավաչափ ճանաչելու Ս․ Պողոսյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում պահելու՝ ոստիկանության գործողությունները։

Դատարանը բավարարել է պահանջը։ Ինչից հետո՝ 2019 թ․ սեպտեմբերի 20-ին, ոչ իրավաչափ գործողությամբ պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով դիմել են Ոստիկանություն։ Ոստիկանությունը մերժել է պահանջը՝ առանց հիմնավորումներ ներկայացնելու։

Սարգիս Պողոսյանը ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանի աջակցությամբ Ոստիկանությունից 400.000 ՀՀ դրամ փոխհատուցում ստանալու պահանջով հայց է ներկայացրել դատարան։ Այս դեպքը այն եզակիներից է, երբ կարող ենք ասել, որ վերականգնված է անձի խախտված իրավունքը։ Ներկայացվող գործում ունենք ոստիկանության դեմ բավարարված երկու վճիռ, ինչը ևս պրակտիկայում հազվադեպ է հանդիպում։

Այսպիսով՝ մարդու խախտված իրավունքի վերականգնման ուղղությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ձեռնարկած գործողությունները հաջողությամբ են ավարտվել։

Մարդու իրավունքի տեսանկյունից կարևոր է ոչ միայն խախտված իրավունքի վերականգնմանը հասնելը, կամ խախտման փաստի ճանաչումը, այլև մարդու իրավունքի խախտման հիմքով բարոյական, ոչ նյութական վնասի փոխահատուցումը, առանց որի՝ մարդու խախտված իրավունքը ամբողջական վերականգնված համարել չի կարելի։ Սա այն նպատակն էր, որին հետամուտ էր ՀՔԱՎ-ը այս գործի շրջանակում։

--00—ՄՀ