ՔՊ-ի՝ անպարտելի լինելու իմիջն ավարտվում է, ՏԻՄ ընտրությունները դա են ցույց տալիս․ վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Քաղաքական

Փաշինյանի խոսքն էլ որևէ մոգական լուրջ ազդեցություն չունի, նույն տենդենցը շարունակվում է, ինչ նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ էր։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ խոշորացված համայնքներում տեղի ունեցած ընտրություններին։

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը դեռևս Գյումրիում, Գորիսում, Կապանում, Մեղրիում և այլ տեղերում ցույց է տալիս, որ ոչ միայն իշխող կուսակցության, այլև Նիկոլ Փաշինյանի գործոնն է զգալիորեն նվազել Ազգային ժողովի ընտրություններից հետո։ «Եվ եթե հիմա «ՔՊ բրենդի» դիմաց լուրջ մրցակից, տեղում ճանաչված անձնավորություն, հեղինակություն է լինում և ընդհանրապես որպես այլընտրանք է դիտարկվում, ապա նման պարագայում ՔՊ-ն բավականին լուրջ պրոբլեմներ է ունենում․ կա՛մ ուղակիորեն պարտվում է, կա՛մ ինչպես իրենք ասում են՝ 24 համայքներում հաղթել են, սակայն մեծ հարց է՝ հաղթե՞լ են, թե՞ ոչ։ Պետք է կարողանան պայմանավորվել, օրինակ՝ կոալիցիա կազմելու համար, այսպիսի հնարավորություններ ունի նաև 2-րդ տեղը գրաված ուժը։ Որ ասում են՝ «հաղթել ենք», ոչ թե բացարձակ հաղթել են ձայների 50+1 տոկոսով, այլ ասենք՝ մինչեւ 35-40 տոկոսով, ինչը բավարար չէ տեղում իշխանություն ձևավորելու համար։ ՔՊ-ի մրցակիցները նույնպես կարող են պայմանավորվել և ՔՊ-ին թողնել ընդդիմություն», - նշեց քաղտեխնոլոգը։

Վերլուծաբանի կարծիքով՝ տեղական ինքնակառավարման ընտրությունները միշտ էլ անձնավորված են լինում, որովհետև թեկուզ խոշոր համայնքներում մարդիկ բոլորն իրար ճանաչում են, ընտրությունները կախված են թեկնածուի անձից, համայնքային, ընկերական, բարեկամական կապերից։ «Բայց իհարկե քաղաքական ֆոնը որոշակի ազդեցություն թողնում է, և դա մենք տեսնում ենք։ ՔՊ-ի տակ հանդես եկող ցանկացած «ուսապարկ» այլևս բացարձակ երաշխիք չէ, եթե նույնիսկ բարեխոսում է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ, 1 տարի առաջ ՔՊ-ն պոլի փետ էլ դներ, կամ ինչպես մոդայիկ է հիմա ասել կամ ինչպես իրենք են իրենց անվանում, ուսապարկ էլ դնեին, էդ բրենդն էր անցնում, ոչ թե մարդը կամ քաղաքական կողմնորոշումը։ Եթե նույնիսկ հիմա մենք նայենք, երեկ ընտրություններ եղած համայնքների մոտ 1/3-ում առաջին տեղում ՔՊ-ն չի եղել»։

Հակոբյանի խոսքերով՝ ընտրությունների արդյունքները համապետական առումով մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենան Հայաստանի ներքին քաղաքականության վրա, որովհետև ՔՊ-ն այլևս անպարտելի, ամենազոր չէ, Նիկոլ Փաշինյանի խոսքն էլ որևէ մոգական լուրջ ազդեցություն չունի ընդհանուր առմամբ։ «Անպարտելիի իմիջն այլևս կոտրվում է։ Սա թեստ էր, սա տրամադրություննեի ստուգում էր։ Եթե նկատել եք բավականին լուրջ համայնքներում պարտվեց, կապ չունի՝ ով ում հետ պայմանավորվեց, փաստն այն է, որ իրենք լուրջ ձայներ չեն հավաքել Սյունիքի համայնքներում, այս անգամ արդեն Վանաձորում, դեռևս պարզ չէ, թե Վայքում ինչ կլնի, որովհետև այնտեղ շատ հեղհեղուկ վիճակ է, դեռ պետք է կարողանան պայմանավորվել։ Վայքում, շատ հնարավոր է, Մեղրու տարբերակը լինի»։

Ըստ քաղտեխնոլոգի՝ ՔՊ-ի պարտությունները շատ զգայուն հարվածներ են։ «Եվ ռուսների ասած լուրջ «զվանոչիկներ» են։ Ընդ որում, այս ընտրությունների ֆոնային, տրամադրությունների փոփոխությունները շատ կարևոր են, և կարող են ազդեցություն թողնել նաև արտաքին խաղացողների համար։ Արտաքին խաղացողները շատ լավ վերլուծում են՝ իրավիճակն ինչպիսին է։ Իսկ քանի որ Հայաստանը գտնվում է փաստացի արտաքին կառավարման տակ, այն էլ ոչ մեկ երկրի կողմից, ներքին քաղաքական կոնֆիգուրացիան շատ բանով պայմանավորված է արտաքին քաղաքական ուժերի ցանկությամբ և կոնսենսուսով։ Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան և տարածաշրջանային  զարգացումների հետ կապված կա որոշակի կոնսենսուս այսօրվա իշխանությունների շուրջ, ապա տրամադրությունների այս փոփոխությունները որոշակի ազդեցություն են թողնում նաև արտաքին քաղաքական խաղացողների տրամադրությունների վրա», - եզրափակեց Վիգեն Հակոբյանը։

--00--ԿԿ