Հեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը. Վահե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Քաղաքական

Հեղափոխությունը վերջացել է. մնացել են հետևանքները և արդեն ավտոնոմ կյանքով ապրող այլանդակությունները: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եկավ, ավերեց ու հիմա գնում է։ Բայց գնալու փուլը կարող է ավերածության վերջին ակորդ լինել. ռիսկը, իրոք, շատ մեծ է։ Սա խնդիր է, որ մեզնից բոլորից պահանջելու է պատասխանատվություն և կոնսոլիդացված գործունեություն։

Հեղափոխության հետևանքները

Հեղափոխության հայտնի հետևանքները՝ կորսված պետականություն Արցախում, թշնամու զորք Հայաստանի տարածքում, հազարավոր զոհեր ու վիրավորներ, ազգային նվաստացում, հայկական պետությունը ֆորմալ գոյություն ռուսական զորքի շնորհիվ, կարող են ունենալ շարունակություն՝ Սյունիք և ռազմական նոր բախումների հավանականություն։ Չի երևում այն կետը, որը կարող ենք համարել աղետի ստորին շեմ՝ հատակ։ Քանի դեռ կոնկրետ անձինք իշխանություն են, վերջացած հեղափոխությունը շարունակելու է նոր աղետներ գործել։

Հեղափոխության այլանդակությունները

Կա Նիկոլ, որը մտածում է բացառապես իր իշխանության և հետագայի մասին, ու կա Նիկոլի նեղ թիմ, որը դա շատ լավ հասկանում է ու զբաղված է փող աշխատելով, կա թիմի թիմ, և այդպես շարունակ, որոնք նույն տրամաբանության մեջ են։

Իշխանությունը սրընթաց դեգրադացվում է։

Եռաբլուրի ֆոնին՝ դիսկոտեկներ, թանկ մեքենաներ, ամենաթողություն, առավել անմիտ պատգամավորները ավելի այլանդակ են դառնում, իսկ մեծամասնությունը սսկվել է։ Երեկվա ձայնագրությունը և ԱԺ միջադեպը բազմաշերտ դեգրադացիայի մասին են. ԱԺ նախագահը գերիների մասին ավելի անհարգալից է խոսում, քան իր նոր մեքենայի «պադֆառնիկի»։ Իշխանությունն այսօր իշխանության համար է, փող աշխատելու և մասնավոր այլ խնդիրների։ Նիկոլը եթե ուզի էլ, այլևս չի կարող այս ընթացքը կասեցնել, որովհետև իր թիմը, նախ, մոտիկից տեսել և տեսնում է իր տապալումները և երկրորդ, հասցրել է սիրել իշխանությունը և դրա բերած բարիքները։

Դեգրադացված իշխանությունը, իհարկե, երկար կյանք չի կարող ունենալ, բայց այն վտանգավոր է նրանով, որ հոգեվարքային փուլում կարող է մեծ վնաս հասցնել պետությանը. կարող է պատերազմի տանել, կարող է արկածախնդրության գնալ, կարող է տնտեսական փլուզումներ առաջացնել։ Դեգրադացվող իշխանությունը, եթե կարող է ԱԺ շենքում մարդ ծեծել, ապա կարող է նաև մարդ խփելու հրամաններ տալ։ Մեկ օր ավել իրենց իշխանությունը պահելու համար կարող են մեզ տանել նոր աղետների։ Կամիկաձեների իշխանությունը ամենավտանգավոր երևույթն է, որ կարող է պատահել պետությանը։

Այս առումով շատ կարևոր է այս փուլում զսպող համակարգերի գոյությունը։ Բարոյական «ստոպեր» այս իշխանությունն արդեն չունի։ Սա պետք է շատ հստակ գիտակցել։

Ուսապարկ-խմբակցությունը ենթարկվել է մուտացիաների, այն այլևս նախկին ուսապարկը չէ։ Կան նոր շտամեր՝ ուսապարկ-թիկնապահներ, որոնց միակ ֆունկցիան Նիկոլի անձի պաշտպանությունն է, ուսապարկ-կրետիններ, որոնց ֆունկցիան իշխանության այլանդակություններն արդարացնելն է, ուսապարկ-զգուշավորներ, որոնք հետ են քաշվել՝ հասկանալով զարգացումները, ուսապարկ-մոլորվածներ և այլն։

Ոչ իշխանության անելիքը

Ոչիշխանական համակարգերը իշխանության դինամիկ դեգրադացիայի փուլում չեն կարող մնալ ստատիկ վիճակում։ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները և ոչիշխանական համակարգերը կանգնած են պատկերացումների, գործողությունների, աշխատաոճի, ձևակերպումների որակական փոփոխության հրամայականի առաջ, և դրա համար շատ ժամանակ չկա»։

--00--ԿԿ