«Իմ քայլը» խմբակցության և Հայկ Մարությանի «ջրերը սկսել են մի առվով չհոսել» 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

արտակ

Քաղաքապետ Հայկ Մարությանի և վերջինիս «հարազատ» «Իմ քայլը» խմբակցության անդամների միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ ավագանու իշխանական անդամների մոտ սկսել է կարծիք ձևավորվել, թե կառուցապատման ոլորտով զբաղվող քաղաքապետարանի ստորաբաժանումում սկսել են «լևի գումարներ պտտվել»։ Այս մասին 24News-ին հայտնեց նույն խմբակցության անդամներից մեկը, որը, սակայն, չցանկացավ ներկայանալ։

«Բազմաթիվ հանդիպումների ժամանակ Հայկ Մարությանի հետ  փորձել ենք բարձրացնել այս հարցերը՝ ակնկալելով, որ կադրային փոփոխություններ կանի  քաղաքաշինական ստորաբաժանումի ղեկավար կազմում, սակայն ստացել ենք մերժում և որոշել ենք կոշտ մեթոդների անցնել։ Մասնավորապես,  ավագանու նիստերից մի քանի հարցեր ենք օրակարգից հանել, որոնց ընդունման հետաձգումը շատ ցավոտ է եղել քաղաքապետի համար։ Միայն սրանից հետո նա ստիպված էր ընդունել մեր պահանջն ու աշխատանքից հեռացնել վարչության և բաժնի պետերին», - նշել է մեր զրուցակիցը։ 

Ըստ «Իմ քայլը» ավագանու անդամի՝ երկրորդ կարևոր ճգնաժամը, որ առաջացել է իրենց խմբակցության ու Մարությանի հարաբերություններում, այն է, որ «գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հեռանալուց հետո այդ նա պաշտոնում տեսնում է իր մտերիմ ընկերոջը՝ Դավիդ Ճգնավորյանին, որը Մարությանի տան դիզայներն է եղել, մինչ քաղաքապետարան տեղափոխվելը, և արդեն մեկ տարի է աշխատում է որպես քաղաքապետի խորհրդական ճարտարապետության գծով»։ 

«Փաստացի այս պահին մինչ քաղաքի ճարտարապետ նշանակվելը հենց նա է ղեկավարում բոլոր այդ ոլորտի գործընթացները քաղաքապետարանում», - նշեց մեր զրուցակիցը։ 

Իմքայլական ավագանին նաև հավելել է, որ իրենց մոտ զարմանք է հարուցել այն հանգամանքը, որ «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանի՝ Դվին հյուրանոցային համալիրում անօրինական շինություններ ավելացնելու մասով հայտարարությունից հետո Ճգնավորյանը հանդիպել է հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի հետ, ինչից հետո հարցը «ծածկադմփոցի» է վերածվել։ 

«Մնում է ենթադրել, թե ինչո՞ւ է այդպես տեղի ունեցել», - հավելել է նա։

--00—ԼՄ