Խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը Խրամորթից Ասկերան նոր ճանապարհի շինաշխատանքների ժամանակ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն անցել են Լեռնային Ղարաբաղի Խրամորթ գյուղից մինչև Ասկերան քաղաք ձգվող նոր ճանապարհի կառուցման շինաշխատանքների ժամանակ անվտանգության ապահովմանը:  

«Ներկա պահին միջոցառումներ են իրականացվում Խրամորթ գյուղում խճաքարի արդյունահանման աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար: Աշխատանքներն իրականացվում են սահմանազատման գծի երկայնքով, ինչով էլ պայմանավորված անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը»,- ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ասել է զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:

2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ։ 44 օր տևած պատերազմի հետևանքով թշնամին օկուպացրեց Արցախին հարակից Ջաբրայիլ (Ջրական), Զանգելան (Կովսական), Ֆիզուլի (Վարանդա),  Կուբաթլու (Սանասար) շրջանները, ինչպես նաև Հադրութը, Շուշին, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը։ Պատերազմը կանգնեց նոյեմբերի 9-ին,  երբ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը հանդես եկան եռակողմ հայտարարությամբ, ըստ որի կողմերը կանգնեցին այդ պահին զբաղեցրած դիրքերում, իսկ Բաքվի վերահսկողության տակ  անցան նաև Աղդամը (Ակնա), Քելբաջարը (Քարվաճառ) և Լաչինը (Բերձոր)։ Լաչինում ստեղծվեց հինգ կիլոմետրանոց միջանցք՝ Հայաստանի հետ Արցախի կապը պահելու համար, շփման գծի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Արյունոտ և ողբերգական պատերազմի ժամանակ հայկական կողմն ըստ պաշտոնական տեղեկությունների տվեց շուրջ 4000 զոհ։

  --00—ՄՀ