ՀՀ-ն ՌԴ-ից ազդակ է ստացել, որ «3+3» հարթակում չեն քննարկվի հարցեր, որոնց համար կա ստեղծված ձևաչափ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ՀՀ-ն կարող է հետաքրքրված լինել 3+3 ձևաչափով, եթե պարզվի, որ այնտեղ չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ ներգրավված ենք այլ ձևաչափերում: Այս մասին այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ հարցը մենք քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես` ռուսաստանցի գործընկերների հետ, իրենք կիսում են այդ տեսակետը: Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում` դեկտեմբերի 10-ին 3+3 կամ 3+2 ֆորմատի նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, ՀՀ-ն մասնակցելու է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով, քանի որ այդ մակարդակով է տեղի ունենալու նախահանդիպումը, որտեղ պիտի քննարկվեն հետագա անելիքները: Շարունակությունը կլինի`  ըստ քննարկման արդյունքների»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` մի բան հաստատ է` պետք է փորձել տարածաշրջանային երկխոսության արդյունավետ հարթակներ գտնել:

3+3-ը հակամարտությունների լուծման տարածաշրջանային ձևաչափ է, որի կազմում պետք է ընդգրկվեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Այս ձևաչափի նախաձեռնողը Թուրքիան է: 

 --00--

Տեսանյութեր