Երևանում 36-ամյա տղամարդը փորձել է սպանել համաքաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21:10-ին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգել է  քաղաքացին և տեղեկացրել, որ որդուն դանակահարել են: Նույն օրը «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացված մեկ այլ ահազանգի համաձայն՝ շտապօգնության  խումբը  Երևանի Ա. Ավետիսյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանից, կտրած-ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխել նույն բնակարանի բնակչին:

ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված մարմնական վնասվածքն ստացել է նույն օրը՝ ժամը 20:55-ի սահմաններում, Վաղարշյան փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց Երևանի 36-ամյա բնակչի  հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:  Ըստ նախնական տվյալների՝ վերջինս իր մոտ գտնվող սուր  կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերոնշյալ տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ,  որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

36-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։  

--00--ԿԿ